Ամերիկյան IRI ընկերության իրականացրած հարցման շրջանակում հայաստանցիներին հարցրել են՝ ո՞ր քաղաքական գործչին են ամենից շատ վստահում։ Հարցվածների 18 տոկոսը նշել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը: Նա այս ցուցանիշով առաջին տեղում է։
Հարցմանը մասնակցածների 6 տոկոսի համար ամենավստահելի քաղաքական գործիչը դարձել է ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը։ Այս ցուցանիշով նա զբաղեցրել է երկրորդ տեղը, հայտնում է Factor.am-ը:
Երրորդ տեղում՝ 3 տոկոս վստահությամբ, հայտնվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նույն՝ 3 տոկոս վստահության ցուցանիշն արձանագրվել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեպքում։
Այնուհետև ամենավստահելի գործիչների թվում նշվել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ապա՝ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին վստահել է հարցվածների 1 տոկոսը։ Նույնքան վստահություն է արձանագրվել նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի և քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի նկատմամբ։ Վերջին երկուսն առաջիկայում նույնպես պատրաստվում են մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։
Միևնույն ժամանակ հարցվածների 48 տոկոսը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։ Եվս 7 տոկոսը նշել է այլ գործչի անուն, իսկ 9 տոկոսը հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել։
Հարցումն անցկացվել է 2026 թվականի փետրվարի 3-13-ը ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1506 քաղաքացի։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





