AM
6 Մարտ 2026 - 07:38 AMT

Իրանը հետաքննություն է սկսել Նախիջևանին ԱԹՍ հարվածների կապակցությամբ

Մարտի 5-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Իրանը հետաքննություն է սկսել Նախիջևանին ԱԹՍ հարվածների կապակցությամբ, գրում է Oxu.az-ը:

Նշվում է, որ զրույցի ընթացքում Բայրամովը դատապարտել է Իրանի տարածքից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն իրականացված անօդաչու թռչող սարքերի հարվածները և բողոք է հայտնել այդ գործողությունների դեմ։

Նշվում է նաև, որ Իրանի արտգործնախարարը շուտափույթ ապաքինում է մաղթել հարձակման հետևանքով տուժած քաղաքացիական անձանց։

«Իրանական կողմին նաև փոխանցվել է, որ Ադրբեջանը սպասում է տեղի ունեցած հարձակման համար պաշտոնական ներողությու, հետաքննության արդյունքների վերաբերյալ հնարավորինս արագ պարզաբանումների տրամադրում, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ միջոցների ընդունում՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: