AM
6 Մարտ 2026 - 07:41 AMT

Գալստյանի խափանման միջոցները մասնակի փոխվել են

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի (անցնում է «Սրբազան պայքարի» գործով) նկատմամբ կիրառված խափանման միջոցները մասնակիորեն փոփոխվել են։

Նրա նկատմամբ 2025 թվականի նոյեմբերի 20-ից կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք։

Գալստյանի պաշտպան Սլավիկ Պողոսյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ չափազանց խիստ սահմանափակումներ են սահմանված, հայտնում է Sputnik Արմենիան:

«Դավիթ Գալստյանը էլեկտրոնային սարք է կրում, բայց նա ունի առողջական խնդիր ու անհրաժեշտ է, որպեսզի ՄՌՏ հետազոտություն անցնի։ Այդ սարքով դա անհնարին է, չնայած մենք մի քանի անգամ դիմել ենք թույլտվություն ստանալու համար։ Իր խնամքին Դավիթ Գալստյանն ունի 2 ուսանող և մեկ դպրոցական երեխա, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող ծնողներ։ Նա ցանկանում է հավելյալ աշխատել նաև գիշերային ժամերին, սակայն սահմանափակումներ կան։ Արցախից տեղահանվելուց հետո, ինչպես նաև մի քանի ամիս կալանքի տակ գտնվելու հետևանքով ընտանիքում ֆինանսական խնդիրներն ավելի են շատացել։ Միջնորդում եմ Դավիթ Գալստյանի նկատմամբ սահմանափակումներից՝ երեկոյան ժամը 22։00-ից մինչև առավոտյան 08։00-ն իր բնակության վայրը չլքելու և մարդաշատ վայրեր այցելելու արգելքը վերացնել»,- ասել է փաստաբանը։

Պաշտպանը նաև միջնորդել է վերացնել էլեկտրոնային հսկիչ սարքն անընդհատ կրելու պարտականությունը։ Պողոսյանն ընդգծել է, որ իր պաշտպանյալը պարտավոր է շաբաթը երկու անգամ ներկայանալ Պրոբացիայի ծառայություն, և առաջարկել է այդ պահանջy մեղմել՝ սահմանելով շաբաթական մեկ անգամ ներկայանալու կարգ։

Սլավիկ Պողոսյանը դատարանին և մեղադրող կողմին ներկայացրել է բժշկական անհրաժեշտ փաստաթղթերը։

Դավիթ Գալստյանը նշել է, որ ֆինանսական վիճակի պատճառով ստիպված է գիշերային աշխատանք կատարել, սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանy հետաքրքրվել է, թե առողջական խնդիրների պայմաններում ինչպես է դա իրականացնելու։

«2 ուսանող, 1 դպրոցական երեխա ունեմ, բա ի՞նչ պետք է անեմ, որ չաշխատեմ, ճարս ինչ։ Բժիշկն ասել է, որ ՄՌՏ հետազոտությունից հետո միայն կարող են հստակ բուժում և դեղորայք նշանակել, բայց չեմ կարող, որովհետև սարք կա ամրացված։ Ամեն դեպքում, ցուցումով պետք է նաև լողի գնամ, պրոբացիայի ծառայությունից հայտնեցին, որ 5 րոպեն մեկ պետք է ջրից դուրս գամ, որպեսզի սարքն աշխատի»,- նշել է Դավիթ Գալստյանը։

Դատախազ Գորիկ Հովակիմյանը հայտարարել է, որ պաշտպանական կողմի միջնորդությունը բավարար չափով հիմնավորված չէ, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերը բավարար չեն հիմնավորում։ Միաժամանակ նա նշել է, որ չի առարկում, եթե մեղադրյալն անցնի անհրաժեշտ հետազոտություն և ստանա համապատասխան բուժում։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, միջնորդությունը մասամբ բավարարել է։

«Էլեկտրոնային սարքը կհանվի, որպեսզի ՄՌՏ հետազոտություն անցնեք, ժամային սահմանափակումներն էլ կհանվեն։ Մյուս պայմանը՝ շաբաթական 2 անգամ Պրոբացիայի ծառայություն ներկայանալը, մնում է անփոփոխ»,- ասել է Ֆարխոյանը։

Ինչ վերաբերում է մարդաշատ վայրեր այցելելու սահմանափակումներին, ապա դատավորը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է զվարճանքի վայրերին և հավաքներին, սակայն եկեղեցի այցելելը որևէ կերպ չի կարող արգելվել։ Ֆարխոյանը նաև նշել է, որ կայացված որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Դավիթ Գալստյանը կալանքի տակ է գտնվել 2025 թվականի հունիսի 25-ից։ Օգոստոսի 22-ին նրա կալանքի ժամկետն երկարացվել է, իսկ հոկտեմբերի 9-ին խափանման միջոցը փոփոխվել է․ սահմանվել են տնային կալանք, 5 մլն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք։

ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները ծրագրել են Հայաստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ և իշխանությունը զավթելուն ուղղված քայլեր։