AM
6 Մարտ 2026 - 08:39 AMT

Սան Ֆրանցիսկոյում քննարկվել են ՀՀ և OpenAI-ի համագործակցության հնարավորությունները

Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում՝ OpenAI ընկերության կենտրոնակայանում, մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին։

Գագաթաժողովի ընթացքում դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության և արհեստական բանականության ոլորտներում ընկերության և հայկական կողմի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև կլոր սեղան քննարկում՝ տարբեր երկրների կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկման ժամանակ դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտեցումներն ու կրթության ոլորտում առկա առաջնահերթությունները։

Միջոցառմանը մասնակցել են այն պետությունների ներկայացուցիչները, որոնք արդեն համագործակցում են OpenAI ընկերության հետ կամ հետաքրքրված են նման համագործակցության հնարավորություններով։