AM
2 Հունիս 2026 - 10:36 AMT

NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը ժամանել է «Զվարթնոց»

«Զվարթնոց» օդանավակայան է ժամանել է 6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ 1792 GPU, որը նախատեսված է Firebird AI մեգանախագծի առաջին փուլի իրականացման համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Առաջին փուլով նախատեսվում է Հրազդանում գործարկել մոտ 18 ՄՎտ հզորությամբ ժամանակակից «ԱԲ գործարան»՝ NVIDIA Blackwell ճարտարապետության վրա հիմնված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներով։ Տվյալային կենտրոնը կօգտագործի ջրային հովացման փակ համակարգ, որը լիցքավորվելու է մեկ անգամ և օգտագործվում է մի քանի տարի շարունակ՝ ապահովելով բարձր էներգաարդյունավետություն և հուսալի աշխատանք։

Նախագծի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է մոտ 500 մլն ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 4 մլրդ դոլարի ներդրումներ և շահագործման հանձնել ևս մոտ 42,000 գրաֆիկական պրոցեսոր՝ Հայաստանն առաջ մղելով աշխարհի ամենահզոր ԱԲ տվյալային կենտրոններ ունեցող երկրների առաջատար հնգյակի մեջ։

Առաջին փուլի գործարկումից հետո կենտրոնում կաշխատի մինչև 100 բարձրակարգ մասնագետ, իսկ երկրորդ փուլի կառուցման և ընդլայնման աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1000 մասնագետ՝ ստեղծելով նոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։

Նախագծի կարևոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության և Firebird AI-ի միջև կնքված 25 մլն դոլարի ռազմավարական ծրագիրը, որի շրջանակում պետությունը 5 տարի ժամկետով կստանա բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսներ՝ աջակցելու հայկական ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, բուհերին և մասնագետներին, ինչպես նաև ապահովելու դրանց կիրառումը պետական կառույցներում, տեխնոլոգիական ընկերություններում և բարձր տեխնոլոգիական ոլորտների հետազոտական ու զարգացման ծրագրերում: