AM
6 Մարտ 2026 - 08:45 AMT

Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների երթևեկությունը Իրանի հետ սահմանին

Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների երթևեկությունը Իրանի հետ սահմանին: Այդ մասին ասվում է այդ երկրի նախարարների կաբինետի հայտարարության մեջ, հայտնում է APA-ն:

Որպես պատճառ նշվել է մարտի 5-ին Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարվածները Նախիջևանին:

«Հարվածների տակ են հայտնվել Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոց և այլ օբյեկտներ։ Արդյունքում մի քանի խաղաղ բնակիչներ վիրավորվել են, իսկ օդանավակայանի տերմինալի շենքը վնասվել է։

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ նախարարների կաբինետը որոշում է ընդունել ամբողջությամբ դադարեցնել բեռնատարների (այդ թվում՝ տարանցիկ) շարժը Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի բոլոր անցակետերով», ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: