AM
7 Մարտ 2026 - 08:18 AMT

Փեզեշքիան․ Իրանը չի հարվածի հարևաններին, եթե նրանց տարածքից հարձակում չլինի

Իրանը չի իրականացնի հրթիռային կամ ԱԹՍ հարվածներ հարևան երկրների ուղղությամբ, եթե այդ երկրների տարածքից հարձակումներ չլինեն Իրանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում՝ ներկայացնելով երկրի Ժամանակավոր ղեկավար խորհրդի որոշումը։

Նա նաև ներողություն է հայտնել այն հարևան պետություններից, որոնք ենթարկվել են հարվածների, և վստահեցրել է, որ Թեհրանը նպատակ չունի հարձակվելու հարևան երկրների վրա, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ոմանք կարծում են, թե կարող են օգտվել իրավիճակից և հարձակվել մեր հողի վրա։ Մի դարձեք իմպերիալիզմի ձեռքի խաղալիք։ Հնարավոր է՝ մենք տարաձայնություններ ունենք, սակայն Իսրայելին և ագրեսոր ԱՄՆ-ին աջակցելը շատ վատ երևույթ է», – ասել է նա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանում։ Հաղորդվել է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: