AM
10 Մարտ 2026 - 06:56 AMT

Թաթոյան. ՀՀ ապագան «միութենական կազմում» պատկերացնողները կամ Փաշինյանի գործակալներն են, կամ անհայրենիքներ

Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողները կամ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան, որ «փրկիչ» ներկայանա, կամ շարքային անհայրենիքներ», ֆեյսբուքյան էջում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը:

«Իսկ հիմա՝ կոնկրետ ՔՊ-ին ու նրա քարոզիչներին. Հայաստանի անկախության «փրկիչնե՛ր», ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունը ու թաքուն եք պահում մեզանից: Մի քանի օր առաջ փաստերով ամեն ինչ ցույց տվեցի։

Դո՞ւք եք մեր ինքնիշխանության երաշխավորը, դո՞ւք եք դիրքորոշում ակնկալողները։ Ալիևի հայտարարությունները լսում եք, սեղանի տակից դուրս չեք գալիս: Բա խոսեք, բան չունե՞ք ասելու մեր սահմանները ձեր լուռ թույլտվությամբ ձևափոխող Ադրբեջանին, թե՞ Ադրբեջանի հետ միութենական պետություն էլ դուք ուզենաք մտնել:

Չփորձե´ք մեզ ներքաշել ձեր խաղերի մեջ:

Ահա, թե ինչու եմ ասում, որ ես լինելու եմ Հայաստանի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ես իմ որոշումներում մշտապես առաջնորդվելու եմ Հայաստանի շահով»,գրել է նա:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մեկնաբանելով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն պետք է դառնա Միութենական պետության մաս, ասել է, որ «նրա նմանները ծոծրակները կտեսնեն, բայց Հայաստանի անկախության կորուստ նորից չեն տեսնի»: