Դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում։ Այդ մասին ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայտնում է Radar Armenia-ն։
«Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` (վստահված գույքը հափշտակելուն դրդել)։ Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում»,- նշել են դատախազությունից։
Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել, սակայն, նա երկրում չէ:
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարել, մասնավորապես՝ 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Ազատի Սարգսյանի եղբայրը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված, վերջինս 2001-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում իր ազդեցությունն օգտագործելով հիշյալ ժամանակահատվածում պաշտոնավարող ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն: ։





