AM
11 Մարտ 2026 - 06:59 AMT

ԱՄԷ-ում դեռևս ՀՀ մոտ 40 քաղաքացի կա՝ այդ թվում 14 ուսանող

Մարտի 10-ի դրությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում դեռևս գտնվում է ՀՀ մոտ 40 քաղաքացի, որոնց թվում կան նաև 14 ուսանող, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Մարտի 10-ին Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում։

«Այսօր ևս ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է ուշ երեկոյան:

Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այս ընթացքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության աջակցությունն են հայցել նաև առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներ, որոնց հետ պահպանվել է մշտական կապ՝ հրատապ հարցերը հասցեագրելու նպատակով։

Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացի և նրանց ընտանիքի անդամները դեսպանության աջակցությամբ Մասկատ-Երևան չվերթով անվճար վերադարձել են ՀՀ:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: