Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին կմասնակցի բացառապես սեփական ցուցակով։ Այդ մասին գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա պարզաբանել է, որ որոշ լրատվամիջոցներ աղավաղել են ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։
«Քանի որ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ աղավաղում են ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մեր դիրքորոշումը (պրոֆեսիոնալիզմի բացակայության թե դիտավորյալ սխալ տպավորություն ստեղծելու նպատակով, կարևոր չէ), անեմ հետևյալ պարզաբանումը:
Հայ ազգային կոնգրեսը և նրա ներկայացուցիչները կմասնակցեն ընտրություններին բացառապես սեփական ցուցակով, լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով»,-գրել է նա:
Հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած «Համահայկական ճակատ» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին, հայտնում է «Փաստինֆոն»:
Կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը հայտնել է, որ ներկայում կուսակցությունը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի և շարժումների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին և որ ուժերի հետ կարող են համագործակցել։
«Միանշանակ մենք դիտարկում ենք համագործակցություն այն ուժերի հետ, որոնք կապված չեն այսօրվա և նախկին իշխանությունների հետ։ Նաև նախկին իշխանության ուժերի հետ համագործակցության հնարավորություն չենք տեսնում։ Մենք տեսնում ենք համագործակցության հնարավորություն ազգային ուժերի հետ, որոնց հետևում չունեն պոչեր և ականջներ, ովքեր հայանպաստ գործունեություն են ծավալում»,-ասել է նա:
Վարդանյանը նաև նշել է, որ Արշակ Կարապետյանը չի մասնակցի նախընտրական քարոզարշավին, քանի որ գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Սակայն քարոզարշավի ընթացքում նա պարբերաբար հանդես կգա տեսաուղերձներով։
«Նա մեր առաջնորդն է, սակայն ցուցակում չի լինի»,- նշել է Վարդանյանը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





