AM
12 Մարտ 2026 - 10:51 AMT

Իրանի նախագահը նշել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունն ավարտելու պայմանները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ճանաչվեն Թեհրանի իրավունքները և վճարվեն փոխհատուցումներ։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի և Պակիստանի առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում ես վերահաստատել եմ Իրանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։ Այս պատերազմին, որը սանձազերծել են սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ն, վերջ դնելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա ագրեսիայի դեմ հստակ միջազգային երաշխիքների տրամադրումը»,-գրել է նա:

Ըստ լրատվականի աղբյուրի՝ ստեղծված իրավիճակում Թեհրանը չի դիտարկում Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունն անվանել է «էքսկուրսիա» Միացյալ Նահանգների համար և պատերազմ՝ Իրանի համար։

ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ խոստովանել էր, որ իր երկրորդ նախագահական ժամկետում չէր սպասել ամերիկյան զինված ուժերի կիրառման նման բարձր ինտենսիվություն։ Նա նշել է Միացյալ Նահանգների, իր խոսքով, բացառիկ հաջողությունները և բացատրել, որ վերջին քայլերը, հավանաբար նկատի ունենալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, եղել են կարճատև «էքսկուրսիա», որի նպատակն էր ազատվել որոշ անձանցից։

«Դա էքսկուրսիա էր, որը հետ պահեց մեզ պատերազմից: Իրանցիների համար նդա պատերազմ է: Մեզ համար ավելի հեշտ էր, քան կարծում էինք»,-ասել է նա՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ԱՄՆ գործողության մասին խոսելիս օգտագործում երկու տարբեր բնորոշումներ։

Գործողության տևողության վերաբերյալ գնահատական տալով՝ ԱՄՆ նախագահը խոսել է «էքսկուրսիայի երկու կամ մի քանի շաբաթվա» մասին», իսկ նավթի գների աճի թեմային անդրադառնալիս, նշել է, որ «այդպես է լինում պատերազմի ժամանակ»։

Ըստ նրա՝ ամերիկյան զորքերը մեկ գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Իրանի ականային նավատորմը։

Ավելի ուշ նա նաև ասել է, որ ԱՄՆ զինված ուժերը մինչ այս պահը ոչնչացրել են Իրանի 28 ականային նավ՝ կիրառելով նույն զինամթերքը, որով հարվածներ են հասցվում Կարիբյան ավազանում թմրանյութերի մաքսանենգների նավակներին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ընդհանուր առմամբ քանի ականային նավ է դեռևս մնացել Իրանի տրամադրության տակ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Թել Ավիվում հայտարարել են, որ դրա նպատակը Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից զրկելն է։ Վաշինգտոնը, իր հերթին, սպառնացել է ոչնչացնել Իրանի նավատորմը և պաշտպանական արդյունաբերությունը, ինչպես նաև կոչ է արել երկրի քաղաքացիներին տապալել գործող իշխանությունը։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։

Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։