AM
12 Մարտ 2026 - 12:04 AMT

Փաշինյանը՝ ՀՀ տարածքում ադրբեջանական նոր դիրքի մասին․ «Չի համապատասխանում իրականությանը՝ կա քարտեզ, հստակ գիծ»

Կա հստակ քարտեզ, գիծ, որը ցույց է տալիս, որ ՀՀ տարածքում ադրբեջանական նոր դիրքային բարելավումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում:

«Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել է, որ Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նոր մարտական դիրք են տեղադրել ՀՀ տարածքում:

Փաշինյանը հարց է հնչեցրել՝ «կարո՞ղ է պատերազմ կա՝ ես տեղյակ չեմ»։

«Կամ ինչ-որ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք։ Որտե՞ղ պատերազմ կա, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն և այլն, լուսաբանեք, իմանանք՝ որտեղ կա այդ ամենը»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանում խաղաղություն է։

«Պաշտպանության նախարարությունը մանրամասն պարզաբանում տվել է, լրացուցիչ ի՞նչ կա պարզաբանելու․․․ Կա հստակ սահմանագիծ և մենք գիտենք ՝ որտեղ է Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը:

Իհարկե, զուգահեռռ ասել ենք, որ կան տարածքների հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք կլուծվեն սահմանազատման գործընթացում։ Ձեր նշած դեպքն իմ նշած դեպքի հետ կապ չունի»,– ընդգծեց վարչապետը»,-հայտնում է Արմենպրեսը:

Անդրադառնալով հարցին, թե չի պատրաստվում արդյոք հանդիպել կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածների ծնողներին, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տասնյակ անգամներ է հանդիպել նրանց հետ

«Սակայն փորձը ցույց է տալիս, որ պետք է հասկանանք՝ այդ հանդիպումների արդյունքում ինչ խնդիր ենք լուծում կամ ուզում լուծել։ Եթե ես տեսնեմ, որ պատասխանատու այս կամ այն մարմինների հետ շփումներն անհրաժեշտ են դարձնում, որ ես էլ հանդիպեմ՝ կհանդիպեմ: Ես երբեք որևէ հանդիպումից չեմ խուսափում, ուղղակի հանդիպման նպատակը, օրակարգն, արդյունավետությունը պետք է հասկանալ»,-ասել է վարչապետը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այն պնդումները, թե 2025-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր դիրք է տեղակայել՝ հավելելով, որ նշված դիրքը «չի հատում Հայաստանի պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի տարածքում»:

Հայտարարվել է, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 1։100000 մասշտաբի տեղագրական քարտեզով, որն ունի իրավական ուժ։ Նշված քարտեզը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։

Անդրադառնալով Կութ գյուղի համար առաջացած վտանգին՝ ՊՆ խոսնակն ասել է, թե «Կութ բնակավայրի և նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է Կատար լեռը»: