AM
13 Մարտ 2026 - 06:35 AMT

ՀՀ և Շվեյցարիայի ԱԳ նախարարները քննարկել են զարգացումները տարածաշրջանում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը Բեռնում ունեցած հանդիպմանը քննարկել են զարգացումները Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ակտիվ զարգացող քաղաքական երկխոսությունը և վերահաստատել տարբեր ուղղություններով համագործակցությունն առավել ընդլայնելու պատրաստակամությունը։ Այդ համատեքստում հատուկ ընդգծվել է Բեռնում Հայաստանի դեսպանություն բացելու վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես երկկողմ օրակարգը լայնացնելու և դրա բովանդակությունը հարստացնելու կարևոր քաղաքական խթան։

Միրզոյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք իրականացվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացը հետագա ինստիտուցիոնալ հիմքերի վրա ամրապնդելու նպատակով։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունը՝ ինչպես Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, այնպես էլ հումանիտար խնդիրների լուծման և Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքները հասցեագրելու ուղղությամբ։

Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: