Արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա հնարավոր է արտաքին միջամտության ռիսկ։ Այս մասին ասվում է ծառայության մարտի 10-ի հայտարարության մեկնաբանության մեջ, տեղեկացնում է Արմենպրեսը:
Ծառայությունից նշել են, որ հրապարակումներում հաճախ չեն ներկայացվում մանրամասներ՝ ԱՀԾ գործունեության, աղբյուրների և մեթոդների պաշտպանության նկատառումներից ելնելով։ Սակայն, ըստ հայտարարության, իրավապահ մարմիններին փոխանցվում են անհրաժեշտ օպերատիվ տեղեկություններ։
Ծառայությունը նաև ընդգծել է, որ հայտարարության նպատակն է հանրությանն իրազեկել հնարավոր ապօրինի գործընթացների մասին և կանխարգելել ՀՀ և նրա քաղաքացիների դեմ ուղղված արտաքին վտանգները։
Հարցին, թե որ քաղաքական ուժերին աջակցելու նպատակով են իրականացվում այդ ճնշումները, ծառայությունից նշել են, որ իրենց մանդատը չի պայմանավորվում քաղաքական ուժերի դասավորությամբ կամ ցանկություններով՝ թե իշխանական, թե ընդդիմադիր։ Միաժամանակ նշվել է, որ առկա տեղեկությունների համաձայն՝ ճնշումները միտված են աջակցություն ապահովելու ընդդիմադիր որոշ ուժերի օգտին։
Արտաքին հետախուզական ծառայությունը նաև նշել է, որ ստացվող տեղեկությունները վկայում են Հայաստանում անցկացվելիք ժողովրդավարական ընտրությունների վրա արտաքին միջամտության հնարավոր ռիսկի մասին։
Ծառայությունից հայտնել են նաև, որ շարունակում են իրենց լիազորությունների շրջանակում աշխատանքներ իրականացնել և համագործակցել Հայաստանի բոլոր պետական մարմինների հետ՝ նման սպառնալիքներին հակազդելու նպատակով։
Ծառայության մարտի 10-ի հայտարարության մեջ ասվում էր, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։
Նույն օրը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարության հիման վրա հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որն իր հերթին քրեական վարույթ է նախաձեռնել:





