AM
14 Մարտ 2026 - 06:11 AMT

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվել է ևս 1 ամսով

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը երկարացնել ևս մեկ ամսով։ Այդ մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Միջնորդությունը մակագրվել էր դատավոր Վարդգես Ստեփանյանին, հայտնում է Factor.am-ը:

Մարտի 13-ին ժամը 15:30-ից դատարանը սկսել էր քննել միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարացման հարցը։ Նախաքննական մարմինը դիմել էր դատարան՝ պահանջելով շարունակել նրա նկատմամբ կիրառվող տնային կալանքի ժամկետը։

Միջնորդության քննությանը զուգահեռ դատարանի մոտ հավաքվել էին Կարապետյանին աջակցող անձինք: Նրանցից երեքը բերման են ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Դատարանի հարակից տարածքում կենտրոնացվել էին մեծ թվով ոստիկանական ուժեր։

Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին, և հետագայում դատարանի որոշումներով կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։ Դեկտեմբերի 30-ին դատարանը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով և գրավով։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, և այն լրացվել է նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։