AM
14 Մարտ 2026 - 06:23 AMT

Կարապետյանի 3 աջակից բերման է ենթարկվել դատարանի մոտից

Մարտի 13-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից, որտեղ քննվում էր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարացման հարցը, բերման են ենթարկվել հավաքված աջակիցներից 3-ը, հայտնում է Auroranews.am-ը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ երեք անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ձերբակալվել է և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։

Դատարանի մոտ կենտրոնացվել էին մեծաթիվ ոստիկանական ուժեր:

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը երկարացնել ևս մեկ ամսով։ Այդ մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին, և հետագայում դատարանի որոշումներով կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։ Դեկտեմբերի 30-ին դատարանը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով և գրավով։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, և այն լրացվել է նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։