AM
14 Մարտ 2026 - 06:29 AMT

Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ձևավորված իրավիճակը։

Կարևորվել է նաև քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը բացառելու անհրաժեշտության հարցում սկզբունքային դիրքորոշումը։

Կողմերը անդրադարձել են նաև ստեղծված հումանիտար իրավիճակին և քննարկել հնարավոր քայլերը։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեղափոխման համար կազմակերպված ավիաթռիչքի հարցում ցուցաբերված աջակցության համար։

Իսրայելնհարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին: Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով Լիբանանում մարտի 2-ից մինչև այժմ զոհվել է ավելի քան 687 մարդ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Բեյրութ։

Լիբանանը ներգրավվեց Մերձավոր Արևելքի պատերազմում անցյալ շաբաթ, երբ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» զինված խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-իսրայելական հարվածների ընթացքում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության։