AM
14 Մարտ 2026 - 07:54 AMT

Փաստաբան․ Կոտրել են Արցախի պետնախարարի ֆեյսբուքյան էջը և հեռացրել տեսաուղերձը

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են և հեռացրել տեսաուղերձը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Ջարդել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջը և հեռացրել որոշ տեսաուղերձ։

Վստահաբար հայտարարում եմ, որ տեսանյութի հեռացման հետ որևէ կապ չունեն ո’չ պետնախարարը, ո’չ էլ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունը։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այս պահին իրականացվում են գործուն քայլեր, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներ, որոնք ուղղված են արցախցիների բարձրացրած խնդիրներին իրավական հարթակում լուծումներ տալուն։ Իրավական լուծման ճանապարհն արդեն ունենք, սակայն այդ մասին հայտարարել դեռևս վաղաժամ է։

Իր հերթին «Արցախբանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ այս գործընթացին լիարժեք և անվերապահ աջակցություն ցուցաբերելու հարցում։

«Արցախբանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ կանգնած են արցախցիների կողքին։

Հուսով ենք, որ շուտով բոլորդ կկարողանաք համոզվել այդ փաստում»,-ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։