AM
20 Մարտ 2026 - 11:49 AMT

ՆԳ նախարարը չի հստակեցրել, թե որ երկրում են հայերին ճնշում ՀՀ ընտրությունների հարցում․ «Այլ տվյալ հայտնել չեմ կարող»

Այլ երկրում ՀՀ ընտրություններին մասնակցության հարցով հայերին ճնշելու վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունից հետո ոստիկանությունը կատարել է ստուգողական աշխատանքներ և ստացել որոշ տվյալներ, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Այն հարցին, թե ո՞ր երկրի մասին է խոսքը, նախարարը պատասխանել է, որ այլ տվյալ հայտնել չի կարող, գրում է 1lurer.am-ը:

«Այս պահի դրությամբ այլ տվյալ հայտնել չեմ կարող: Խնդրում եմ հետևել ՔԿ հաղորդագրություններին, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի: Ցանկացած տեղից եկող ազդակ, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է լինելու՝ անկախ երկրից: Մնացյալ ամբողջը, քանի որ նախաքննություն է իրականացվում, ՔԿ-ն պատեհ պահի հանդես կգա հայտարարությամբ»,-ասել է նա:

ՆԳՆ-ն դիմել է Քննչական կոմիտե՝ Արտաքին հետախուզության ծառայության ներկայացրած տեղեկությունների հիման վրա, որոնց համաձայն՝ օտար երկրներում հայերի նկատմամբ ճնշումներ են գործադրվել՝ ընտրություններին մասնակցության հետ կապված։

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք ՆԳՆ-ն միայն Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությա՞նն է ծանոթ, թե ունի նաև այլ տեղեկություններ։

«Եթե կարդաք ՔԿ հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով՝ մեր ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, կտեսնեք, որ այնտեղ մի փոքր ավելի ճշգրտումներ կան ներկայացված թե՛ ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե՛ կուսակցության ներկայացուցիչների, թե՛ այլ դերակատարների օժանդակությամբ պրոցեսը կազմակերպելու մասով»,- պարզաբանել է նախարարը։

Արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի մարտի 10-ին տարածել է հայտարարություն, ըստ որի՝ այլ երկրում, տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես եկող տարբեր դերակատարներ փորձել են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող, ինչպես նաև տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց վրա՝ նրանց դրդելով աջակցել ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որոշ քաղաքական ուժերի։

Նույն օրը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է, որ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության հիման վրա հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ։