ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 23-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանն անցած շաբաթվա վերջից վարում են «շատ լավ և արդյունավետ բանակցություններ»՝ ուղղված ռազմական գործողությունների ավարտին, և այդ պատճառով ինքը հանձնարարել է դադարեցնել Իրանի էներգետիկ օբյեկտներին ուղղված հարվածները։
Իրանը, արտաքին գործերի նախարարության և խորհրդարանի խոսնակի մակարդակով, պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի վարում։ Միաժամանակ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության անանուն ներկայացուցիչը CBS-ին հաստատել է «ԱՄՆ առաջարկների» ստացման փաստը, հայտնում է BBC-ին:
Մինչդեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի տարածքին, ինչպես նաև Լիբանանում գտնվող թիրախներին: Այն մասին որ Իսրայելը շարունակելու է հարվածները մարտի 23-ին հայտարարել էր այդ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, գրում է Deutsche Welle-ն:
Մարտի լույս 24-ի գիշերը Իրանն իր հերթին հրթիռակոծել է Իսրայելի տարածքը` հարվածելով Դիմոն և Էյլաթ քաղաքներին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմակայաններին:
Ավելի վաղ Թրամփը իր սոցիալական հարթակում գրել էր․ «Ելնելով այս խորքային, մանրամասն և կառուցողական բանակցությունների բնույթից և տոնից, որոնք կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքին ուղղված ցանկացած ռազմական հարված»։
Մարտի 22-ին Թրամփը սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ամբողջությամբ փակել նեղուցը մինչև վնասված էլեկտրակայանների վերականգնումը։
Ավելի ուշ նույն օրը Թրամփը, ելույթ ունենալով Մեմֆիսում, նշել է, որ Իրանը ստացել է խաղաղության ևս մեկ հնարավորություն: Նա, սակայն, չի հստակեցրել, թե ով է ԱՄՆ կողմից վարել բանակցություններն Իրանի հետ, սակայն մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին և մեկ դեպքում հենց Թրամփի հետ հեռախոսազրույցին, հայտնել են, որ գործընթացում ներգրավված են եղել նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները։
Իրանի խորհրդարանի խոսնակ, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդային ուժերի նախկին հրամանատար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չկա, և Թրամփը տարածում է «կեղծ լուրեր»՝ փորձելով ազդել նավթի գների վրա։
Նույնաբովանդակ հայտարարությամբ ավելի վաղ հանդես է եկել նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Միաժամանակ ավելի ուշ Իրանի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը CBS News-ին տված բացառիկ մեկնաբանությունում նշել է, որ Թեհրանը «միջնորդների միջոցով ստացել է ԱՄՆ առաջարկներ և ներկայումս ուսումնասիրում է դրանք»։ Ինչպես պարզաբանում է CBS News-ը, Վաշինգտոնից ստացված ուղերձը «կարող է նախանշել բանակցությունների սկիզբ երկու հակամարտող երկրների միջև»։
Թրամփը Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտավորապես 15 կետերի շուրջ փոխըմբռնման են հասել ապագա հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, գրում է Deutsche Welle-ն:
Թրամփի խոսքով՝ Թեհրանը համաձայնել է, որ երբեք չի ունենա միջուկային զենք։ ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունները եղել են «շատ ինտենսիվ», սակայն չի հստակեցրել, թե ում հետ է Վաշինգտոնը վարում այդ երկխոսությունը։ Նա միայն նշել է, որ խոսքը չի վերաբերում երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, այլ այն անձին, ում Դոնալդ Թրամփը համարում է երկրի ամենահարգված գործիչը։
Axios պարբերականը, հղում անելով իսրայելցի պաշտոնյային, պնդել է, որ այդ անձը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է։ Նույն աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ միջնորդ երկրների մասնակցությամբ նախապատրաստվում է հանդիպում նրա մասնակցությամբ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ «հնարավոր է շաբաթվա վերջում», որտեղ ամերիկյան կողմը կներկայացնեն Սթիվեն Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները և, հավանաբար, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Axios-ի մեկ այլ զրուցակից նշել է, որ Ղալիբաֆի և Թրամփի թիմի միջև ուղղակի բանակցություններ չեն եղել, սակայն կողմերը հաղորդագրություններ են փոխանակել Եգիպտոսի և Թուրքիայի միջոցով։
Սպիտակ տան ղեկավարն Իրանում տեղի ունեցողը բնութագրել է որպես «ռեժիմի փոփոխություն» և հայտնել է կողմերի միջև նախատեսվող հեռախոսազրույցի մասին՝ «քանի որ շատ դժվար է գտնել երկիր. նրանց (իրանցիներին. – խմբ.), հավանաբար, շատ դժվար է այնտեղից դուրս գալ»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:





