AM
24 Մարտ 2026 - 07:41 AMT

Քոչարյան. Եթե մենք լինեինք՝ պատերազմ չէր լինի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե 2020-ին իրենք լինեին իշխանության, պատերազմ չէր լինի: Այդ մասին նա ասել է «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ:

«Եթե մենք լինեինք, պատերազմ չէր լինի։ Եթե 2021 թ. մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրահայում, որը ամբողջ կոնֆիգուրացիան փոխեց։ Այստեղ ես որևէ կասկած չունեմ»,- ասել է նա:

Քոչարյանը նաև նշել է, որ իրենք «ռևանշիստական նկրտումներ չունեն»:

«Նման բան տարածում են, որովհետև այլ բան տարածելու չունեն»,-ասել է նա:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։