AM
25 Մարտ 2026 - 06:31 AMT

Քոչարյան․ Խաղաղության ամենամեծ թշնամին Փաշինյանն է

Վարչապետը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը «գոյություն չունի, խաղաղության ամենամեծ թշնամին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է», հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքսթում՝ անդրադառնալով Փաշինյանի այն խոսքերին, որՔՊ-ի ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չունենալու դեպքում սեպտեմբերին աղետալի պատերազմ է սկսվելու։

«Սա էլ մանիպուլյացիա է․ կա մի թուղթ, որն իրավական ուժ չունի, և դրա մասին այնքան են խոսել, որ կարծես թուղթ է դարձել։ Հիմա այդ թղթի վերաբերյալ կանխատեսումներ են անում։ Եթե իսկապես վերլուծության շնորքն ունի, կգնա՞ր Արցախում կասե՞ր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Մի մարդ, որն ընդհանրապես վերլուծական ընդունակություն չունի, չգիտի՝ ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա ասում է, որ լավ է պատկերացնում։ Զրո պատկերացում»,-ասել է նա:

Քոչարյանը նշել է, որ ՔՊ խմբակցության ղեկավարը 2020-ի պատերազմից մեկ շաբաթ առաջ հայտարարում էր, որ պատերազմի վտանգ չկա, Թուրքիան չի ներգրավվի, բայց այդ ժամանակ արդեն «Բայրաքթարները» տեղադրված էին Ադրբեջանում»։

Այն հարցին, թե իր իշխանության դեպքում պատերազմ չի՞ լինի՝ Քոչարյանը պատասխանել է. «իհարկե, չի լինի»։

«Պարադոքսալն այն է, որ նա փորձում է պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենախաղաղ տարիներն են եղել։ Առաջ այդ սպառնալիքներն Ալիևն էր հնչեցնում, հիմա՝ ինքը։ Չեմ բացառում, որ վաղը դուետով հնչեցնեն»,-ասել է Քոչարյանը:

Նա նաև հայտարարել է, որ TRIPP-ը հակասության մեջ է մտել «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի հետ, որովհետև խաչմերուկը ենթադրում էր ճանապարհների ապաշրջափակում։

«TRIPP-ը ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կառուցվող երկաթուղով կապվում է Կարսի հետ, մնացած բոլոր ուղիներն անհետաքրքիր են դառնում։ Երկրի ղեկավարն առաջին հերթին պետք է տնտեսության զարգացման համար ամենամեծ շուկաները և դեպի դրանք տանող ամենակարճ ճանապարհները փնտրի։ Մի ծրագիր, որը պետք էր Միացյալ Նահանգներին և Ադրբեջանին՝ շատ կոնկրետ նպատակների համար, փոխարինեց մեկ գաղափար, որը ենթադրում է բոլոր ճանապարհների բացումը՝ երկաթուղային և ավտոմբիլային»,- մանրամասնել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանից Ադրբեջանով բեռներ տեղափոխելը Ռուսաստան 700 կմ ավելի երկար է, քան եթե Հայաստանից բեռները տեղափոխվեն Վրաստանով, Աբխազիայի ճանապարհով։

«Ինչո՞ւ չենք կենտրոնանում այս ուղիների բացման վրա։ Մեր հիմնական ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ է, Եվրոպայի հետ՝ Վրաստանի միջոցով, եթե խոսենք արաբական աշխարհի հետ, ապա Իրանի միջոցով է, եթե ՝ Հնդկաստան, Չինաստան, ապա կրկին Իրանի ճանապարհով է։ Ինչի՞ համար է պետք գալու Ադրբեջանի տարածքը, միայն Կենտրոնական Ասիայի երկրների հետ առևտրի համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի հարաբերությունները Եվրոմիության անդամակցության հետ կապված սառեցված են, հաշվի առնելով, որ Վրաստանը հսկայածավալ հետաքրքրություն պետք է ունենա Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունենալու, հաշվի առնելով, որ տնտեսապես փոխշահավետ է նաև Վրաստանի, ՌԴ-ի և Աբխազիայի համար։ Հիմա ամենաբարենպաստ ժամանակաշրջանն է այս ուղղությամբ բանակցությունների համար։ Չկան քաղաքական մեծ խոչընդոտներ։ Ո՞րն է քաղաքական խոչընդոտը հիմնականում՝ Վրաստան-Աբխազիա հարաբերություններն են,պետք է ընդամենը մեկ բան անել՝ տարանջատել տնտեսական ծրագիրը քաղաքական հակասություններից»,- ասել է Քոչարյանը։