ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ։
«107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտնել է Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը:
Նա հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցած բոլոր 67 պատգամավորները կողմ են արտահայտվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջարկին, ըստ որի ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պետք է դառնա ՍԴ անդամ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Վարդանյանը երդում է տալու ԱԺ-ում մարտի 26-ի նիստում։
Մարտի 24-ի նիստում Վարդանյանն ասել է, որ քաղաքական պաշտոնից հետո ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու հարցում քաղաքական կողմնապահության ռիսկեր տեսնում է, սակայն կարևոր է համարում ՍԴ դատավորի երդմանը հավատարիմ մնալը:
Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2019-ից մինչև օրս Ազգային ժողովի պատգամավոր է, զբաղեցնում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:





