«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ նախատեսել են ձևավորել դաշինք բոլոր այն նոր ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն միավորվելու և փոխելու Հայաստանի ընթացքը։
Նախատեսվող դաշինքը կրելու է «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվանումը, հայտնում է Aysor.am-ը:
«Մեր ժողովուրդը մեզնից միասնականություն է ուզում, միասնականությունն է, որ կբերի ուժեղ խաղաղություն, կուժեղացնի մեր երկիրն ու մեր բաժանված ազգը։ Պառակտումների ժամանակահատվածը պետք է մնա անցյալում։
Այսօր «Ուժեղ Հայաստանը» հայտարարում է՝ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել ուժեղ Հայաստան։
Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։
Միասին կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները, լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները։ Ի գործ»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Գործարար, բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետ դառնալու դեպքում, գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Նա հորդորել է թույլ չտալ, «որ մարդիկ, որոնք ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, կրկին սպառնան պատերազմով»:





