ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում միաձայն ընդունվել է ՀՀ ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։
Երկամյա պարբերականությամբ ներկայացվող այս փաստաթուղթը հիմնված է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վրա և նշանակալի դեր ունի այդ հիմնարար փաստաթղթի դրույթները ՄԱԿ-ի քաղաքական գործընթացների գործնական ոլորտ տեղափոխելու հարցում։
Բանաձևը նպատակ ունի խթանել ցեղասպանության կանխարգելման ոլորտում վաղ ազդարարման մոտեցումը, ինչպես նաև սահմանել ռիսկային գործոնների շրջանակ՝ ներառելով ատելությունը, խտրականությունն ու անպատժելիությունը։ Փաստաթղթում առանձնակի շեշտադրվում է նաև ժամանակին արձագանքելու անհրաժեշտությունը, ինչը կարող է զգալիորեն նպաստել բռնության աճի կանխարգելմանը։
Այս նախաձեռնությունը, ներառելով ցեղասպանության կանխարգելման թեման միջազգային օրակարգում, կրկին ընդգծում է դրա կարևորությունը ժամանակակից դիվանագիտական առաջնահերթությունների շարքում։ Այն նպաստում է միջազգային արդարադատության մեխանիզմների ամրապնդմանը և ներառել այն զարգացումներն ու մարտահրավերները, որոնք տվյալ ժամանակահատվածում պահանջել են առավել մեծ ուշադրություն։
Այս տարվա տարբերակը առաջարկել է «ՄԱԿ80» բարեփոխման գործընթացի շրջանակում ամրապնդել ցեղասպանության կանխարգելման մանդատը և ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ալգորիթմային համակարգերն ու արհեստական բանականության գործիքները կարող են նպաստել ապատեղեկատվության և ատելության տարածմանը՝ ազդելով տեղեկատվական հոսքերի վրա և խաթարելով մարդու իրավունքները։
«Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը կարևոր ներդրում է ունեցել նաև Ցեղասպանության դեմ կոնվենցիայի համընդհանուր վավերացման գործընթացի խթանման գործում՝ խրախուսելով այն պետություններին, որոնք դեռևս չեն միացել Կոնվենցիային, անհապաղ միանալ դրան։
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը ստացել է ՄԱԿ անդամ պետությունների լայն աջակցությունը՝ ընդգրկելով տարածաշրջանային բոլոր խմբերը։ Այդ աջակցությունը արտահայտվել է համահեղինակների մեծ թվով, որը ընդունման պահին հասել է շուրջ վեց տասնյակի։
Փաստաթուղթը կրկին վերահաստատել է Հայաստանի կոչը միջազգային հանրությանը և ամբողջ աշխարհին՝ միավորվել և կանխել ցեղասպանության վտանգը։
Նախորդիվ Հայաստանի կողմից ներկայացված համանուն բանաձևը միաձայն ընդունվել է 2024թ. ապրիլի 3-ին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում:





