AM
31 Մարտ 2026 - 07:31 AMT

Ղազարյանը՝ Ռուբինյանին․ «Ինքնասպան մի եղիր, բանտից հետևիր Կարապետյանի խոստումների կատարմանը»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միացած քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրազի առաջրկին՝ հորդորելով չդիմել ինքնասպանության, այլ «բանտից հետևել գործարար և «Ուժեղ Հայաստանի» նախագահ Սամվել Կարապետյանի նախընտրական խոստումների կատարմանը»։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան իր տեսաուղերձում:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ում օգտին է քվեարկելու «Ուժեղ Հայաստանը», Դուք ընդամենը պետք է համբերատար սպասեք և տեսնեք, թե ոնց է Սամվել Կարապետյանը դառնում մեր հաջորդ վարչապետը։

Ինչ վերաբերում է գրազին։ Նախ, գրազ գալուց, եթե ընդունում ես Նարեկ Կարապետյանի առաջարկը, ուրեմն պետք է դա լինի օրինական։ Նարեկը չի առաջարկել անօրինական գրազներ, որ դու ասում ես՝ սպիտակ թղթի վրա գրեն, որ դու գնաս ինքնասպան լինես։

Նախ, ինքնասպանության մարդուն դրդելը դա հանցագործություն է։ Եթե դու ինքնասպանություն գործելու որոշում ունես, դա պետք է լինի քո գիտակցված որոշումը, որը ունեցել է Ադոլֆ Հիտլերը 1945 թ․ ապրիլին։ Ուրիշ մեկը չի կարող քեզ ինքնասպանության դրդել, նման հանցանքի որևէ մեկին մասնակից մի դարձրու», – ասել է Ղազարյանը։

Նա նաև ասել է, որ 1 մլրդ դոլարը, որի վրա առաջարկում է գրազ գալ Ռուբինյանը, կարելի է ավելի նպատակային օգտագործել:

«Մեկ միլիարդ դրամ քո կյանքի վրա դնելու փոխարեն, օրինակ, կարելի է ստեղծել 300,000 աշխատատեղ, կարելի է մոտ 20,000 մարդու օգնել, որպեսզի նրանք ունենան ավելի մատչելի բնակարան։ Կամ 20 տոկոսով էժանացնել դեղերը: Շատ ավելի արդյունավետ տեղեր կան, և հենց դրանք են Սամվել Կարապետյանի ծրագրերը։ Ինչ է ստացվում, որ քեզ հիմա ոչ մեկ բանի տեղ չի դնելու։ Լավ կլինի՝ այդ ինքնասպանության որոշումդ չկայացնես և բանտից հետևես, թե ոնց է վարչապետ Սամվել Կարապետյանը իրագործում իր նախընտրական դրույթները»,-ասել է Ղազարյանը:

Ռուբինյանին արձագանքել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը:

«Գիտեմ, որ ձեր համար մի քիչ կարող է անսովոր լինել, բայց տղավարի գռազ ենք գալիս։ Էնպես չլինի, որ Փաշինյանի նման 5 րոպե հետո ասես՝ ես տենց բան չեմ ասել։ Լավ է, որ դուք արդեն համոզվել ու հասկացել եք, որ ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը;

Այն ծրագրով, որ մենք հայտարարել ենք մեր կուսակցության համագումարին` Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը: Ինչ դրեցիք՝ կրկնակին մենք ենք դնում։ Ես ձեզ առաջարկում եմ, օրինակի համար, դնեք Հայկ Կոնջորյանի տունը, տները։ Առաջարկում եմ դնեք Արարատ Միրզոյանի տունը, նախկինները կերազեին սենց տուն ունենալ »,- հայտարարել է Ալեքսանյանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան տեսանյութում պատասխանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը՝ ներկայացնելով իր գրազի պայմանները։ Նա հայտարարել է, որ գրազ է գալիս 1 միլիարդ դոլարի վրա․ «եթե իրենք են պարտվում, 1 միլիարդ դոլար անհապաղ մուծում են ՀՀ պետական բյուջե, այսինքն՝ տալիս են ժողովրդին, եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են, թող գրեն, կանեմ, թող գրեն ինքնասպան եղի, ինքնասպան կլինեմ»:

Նարեկ Կարապետյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է․ «Մեր ուժն իր ձայնը տալու է Սամվել Կարապետյանին՝ որպես Հայաստանի հաջորդ վարչապետի: Ով կասկածի, ասեք Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, ինչ գրազ ուզում են, թող ասեն, ու գրազն էլ դուք կվերցնեք հաղթելուց հետո»: