AM
31 Մարտ 2026 - 07:52 AMT

Կաթողիկե Սբ Աստվածածին և Սբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտել է տեղի ունեցած միջադեպը

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտել է մարտի 29-ին եկեղեցում տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին ասվում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Բարենորոգում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու» ֆեկսբուքյան էջում:

«Դատապարտելի է և մերժելի է Եկեղեցում ցանկացած բռնության դրսևորում։ Եկեղեցին նախևառաջ և հաստատապես՝ անկախ քաղաքական հայացքներից, Աստծո տունն է, որտեղ մարդիկ կյանքի կոչելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միմյանց սիրելու պատվիրանը, միավորվում են սիրո, կարեկցանքի և աղոթքի շուրջ:

Ներողություն ենք խնդրում բարեպաշտ հավատացյալներից, որոնք գալով Եկեղեցի ակամայից ներկա են գտնվել այդ դատապարտելի տհաճ միջադեպին: Հորդորում ենք մեր հավատավոր զավակներին` զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։ Աղոթում ենք, որ Ավագ շաբաթվա ընթացքում ապաշխարությամբ անցնենք Տիրոջ Չարչարանաց ճանապարհով և մաքրված ու զորացած դիմավորենք Տիրոջ հրաշափառ Հարությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից արձագանքել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որը Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպի համար մեղադրել է Հայոց եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, հայտնում է News.am-ը:

Մայր Աթոռից ասել են, որ «միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի»:

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում

Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»: