Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո ձերբակալված Դավիթ և Միքայել Մինասյան երկվորյակ եղբայրների հարազատները, դասընկերները և աջակիցները բաց նամակ են հասցեագրել ՀՀ պետական մարմիններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով «պատանիների ճակատագիրը չդնել հարվածի տակ»:
Նշվում է, որ Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ և զուսպ ընտանիքի զավակներ, հայտնում է Panorama.am-ը:
«Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։
Ուսումնառության տարիներին նրանք երբևէ որևէ խուլիգանական արարք թույլ չեն տվել , եղել են խաղաղասեր պատանինե ր։ Դավիթն ու Միքայելը հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են եւ ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։
Նրանք երբևէ որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբեւէ քաղաքական որեւէ ուժի չեն հարել, ընտանիքն ապաքաղաքական է։
Ծաղկազարդի տոնին ներկա են եղել Սուրբ Աննա եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին և աղոթքի պահին հայտնվել են հրմշտոցի մեջ։ Նրանք իրենց կյանքում որևէ մեկին վիրավորանք կամ վնաս հասցրած չկան, առավել եւս իրենցից տարիքով, հարգարժան պաշտնյա անձի։ Առավել քան համոզված ենք, որ իրադարձությունների օրը նրանց գործողություններում որեւէ մեկին վնաս հասցնելու միտում չի եղել։
Խնդրում ենք հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ։ Նրանք պայծառ պատանիներ են՝ լի երազանքներով, վառ նպատակներով, կարող են պիտանի մարդիկ դառնալ հասարակության եւ պետության համար»,-ասվում է նամակում:
Փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանն առավոտից չէին կարողանում մուտք գործել Երևան քաղաքի քննչական բաժին, որտեղ առանց իրենց իմացության բերել են Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված եղբայրներին` Դավիթ և Միքայել Մինասյաններին, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ֆիքսենք ժամը, որ տղաներին քննչական բաժին բերել են ժամը 11։43–ին ու ժամը 11։44–ից սկսած այն, ինչ կատարվի տղաների հետ, անօրինական է, քանի որ նրանք առանց փաստաբանների են ներսում»,– հայտարարել է Էլբակյանը։
Նշվել է, որ լրացել է եղբայրների ձերբակալման 72 ժամը, և պետք է որոշվի՝ նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվելո՞ւ է, թե ոչ։
Քննչական բաժնի բակում հավաքվել են նաև նրանց համադասարանցիներն ու ծնողները՝ ի աջակցություն տղաների։ Տեղում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը փորձել է փաստաբանների հետ հետնամուտքով մուտք գործել շենք, սակայն չի հաջողվել։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, գտնվելով քննչական վարչության մուտքի մոտ, զանգահարել է ՄԻՊ գրասենյակ՝ պահանջելով արագ արձագանքման խումբ ուղարկել, նշելով, որ տղաները ներսում են առանց փաստաբանների։
Կարճ ժամանակ անց Մարտիրոսյանը հայտնել է, որ ՄԻՊ անմիջական միջամտությամբ Քննչական կոմիտեն թույլատրել է փաստաբաններին մուտք գործել շենք։ Արդյունքում նրանք արդեն կարողացել են մտնել քննչական բաժին, որտեղ գտնվել են մեկ ժամից ավելի։
Մարտի 30-ին քննիչները խուզարկություն են իրականացրել եղբայրների բնակարանում, սակայն որևէ առնչվող նյութ չեն հայտնաբերել։ Մարտի 31-ին հայտնի է դարձել, որ միջադեպից հետո ձերբակալված երեք անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։





