Քաղաքական ուժերը կարող են քարոզչություն իրականացնել նաև մինչ նախընտրական շրջանի մեկնարկը, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հանձնաժողովը անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի «Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել» հոդվածին։
«Ժողովուրդ» գրել է, որ թեև համապետական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը սկսվելու է մայիսի 8-ից, քաղաքական գործընթացները արդեն ակտիվ փուլում են, և ԿԸՀ-ն չի կարող վերահսկել դրանք։
Նշվում է, որ հոդվածում տեղ գտած պնդումը անհիմն է, և հավանաբար ՀՀ օրենսդրությունից անտեղյակ լինելու արդյունք է։
ԿԸՀ հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է՝ նախընտրական քարոզչության համար նախատեսված ժամանակահատվածի առկայությունը չի սահմանափակում այլ ժամանակահատվածներում քարոզչության իրականացումը, եթե այն օրենքով արգելված չէ։
«Կրկնում ենք՝ մինչ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ցանկացած քաղաքական ուժ կարող է իրականացնել քարոզչություն, հանդիպել քաղաքացիների հետ, շրջել Հայաստանի բնակավայրերում և անել ցանկացած գործողություն, որն արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը Ընտրական օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) և թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները՝ հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար:
2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանվել է մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին, ինչպես նաև քվեարկության օրը մինչև ժամը 20։00-ն, քարոզչությունը արգելվում է։





