AM
31 Մարտ 2026 - 12:50 AMT

OVIO-ն շրջայցեր է արել իր տվյալների մշակման կենտրոնում, կիսվել փորձով «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ում

Մարտի 23-27-ը տեղի է ունեցել «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումը, որին մասնակցել են ոլորտում կարևոր դերակատարություն ունեցող կառույցները և անդրադարձ կատարել ՏՀՏ ոլորտի զարգացման հեռանկարներին, ենթակառուցվածքների ընդլայնման անհրաժեշտությանը, ներդրումային միջավայրին և նոր տեխնոլոգիաների աճող դերին։

Միջոցառման շրջանակում OVIO-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Բորիս Դեմիրխանյանը մասնակցել է պանելային քննարկման՝ ներկայացնելով ամպային լուծումների կարևորությունը բիզնեսի շարունակական, անվտանգ և արդյունավետ գործունեության ապահովման համար։ Նա նաև ներկայացրել է ընկերությունում արհեստական բանականության գործիքների կիրառման փորձը՝ ընդգծելով դրանց դերը գործընթացների արդյունավետության բարձրացման մեջ։

Դեմիրխանյանը խոսել է նաև Հայաստանում միակ TIER III հավաստագրված OVIO տվյալների մշակման կենտրոնի կառուցման և գործարկման ընթացքում ի հայտ եկած հիմնական մարտահրավերների ու միջազգային փորձի տեղայնացման մասին։ Նա ընդգծել է տվյալների պահպանման մշակույթի զարգացման և դրանց՝ պրոֆեսիոնալ ենթակառուցվածքներում տեղակայման կարևորությունը՝ որպես անվտանգ և կայուն թվային միջավայրի ձևավորման առանցքային նախապայման։

Հեռահաղորդակցության շաբաթվա շրջանակում տեղի են ունեցել նաև ճանաչողական այցեր OVIO տվյալների մշակման կենտրոն, որին մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչները, «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի անդամները, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալագիտության» ֆակուլտետի ուսանողները։

Շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է տվյալների մշակման կենտրոնի տեխնիկական ենթակառուցվածքը, ինժեներական լուծումները, տվյալների պահպանման, անվտանգության ապահովման և համակարգերի անխափան աշխատանքի կազմակերպման մեխանիզմները ինչպես նաև մատուցվող ծառայությունները՝ ներառյալ ամպային լուծումները։

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է գործարկել «OVIO Cloud» օնլայն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ընկերության կողմից մատուցվող ամպային ծառայություններին միանալ մի քանի քլիքով, և հետագայում դրանք կառավարել էլ ավելի հեշտ և ճկուն։

OVIO ընկերությունը առաջինն ու միակն է Հայաստանում, որը գործարկել է TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտին համապատասխան տվյալների մշակման կենտրոն և մատուցում է համատեղակայման և ամպային ծառայություններ բիզնեսին և պետական հատվածին։

OVIO-ն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից է։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թ․ և 2012թ․ սկսած մատուցում է ֆիքսված Ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։

Ընկերության ցանցը հիմնված է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝ միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: OVIO-ն ապահովված է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք միմյանցից ֆիզիկապես և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով ընկերության հուսալի և անխափան ծառայությունների մատուցումը:

OVIO-ի կորպորատիվ հաճախորդների թվում են հայաստանյան բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, այդ թվում բանկեր և այլ ֆինանսական կառույցներ, պետական գերատեսչություններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։

2024թ․-ին ընկերությունը կոմերցիոն շահագործման է հանձնել Հայաստանում խոշորագույն և երկրի համար ռազմավարական նշանակության տվյալների մշակման կենտրոնը, որը միակ TIER III հավաստագրված տվյալների մշակման կենտրոնն է Հայաստանում։ Կենտրոնն ունի ISO 27001, 27017, 27018, PCI/DSS միջազգային հեղինակավոր հավաստագրեր։

Տվյալների մշակման կենտրոնի ընդհանուր հզորությունը 2 ՄՎտ է։ Այն միացված է ՀՀ էներգոհամակարգին 35 ԿՎտ և 110 ԿՎս հզորությամբ իրարից անկախ սնուցվող 2 ենթակայանով, որոնք ապահովում են բացառիկ հուսալիություն, անվտանգություն և արդյունավետություն։