ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:
«Մենք պետք է առաջ նայենք, այո՛, այդ հարցերի վերաբերյալ ամեն մեկն ունի իր ճշմարտությունը, բայց ես կարծում եմ, որ բավարար չափով արդեն ծանրութեթև ենք արել, եկել ենք որոշակի եզրակացությունների ու հարգանքի մթնոլորտում եզրակացությունները կիսել ենք իրար հետ»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:
Ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «ՀԱՊԿ-ի հետ կապված երբեք չենք թաքցրել, որովհետև 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։
2024-ի փետրվարին հայտնի է դարձել՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 12-ին հայտարարել է, որ ՀՀ-ն չի բացառում դուրս գալու հնարավորությունը, եթե ՀԱՊԿ-ը չտա հստակ պատասխան այն հարցին, թե որտեղ է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։ Ի պատասխան՝ ՀԱՊԿ-ը նշել է, որ իր պատասխանատվության գոտին համարվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը։
Մայիսի 8-ին ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը։ Հունիսի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ կազմակերպությունից դուրս գալը կարող է դառնալ հաջորդ տրամաբանական քայլը։
Սեպտեմբերի 18-ին վարչապետը հավելել է՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում մոտեցել ենք անդառնալի փուլին՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ոչ թե սպառնալիք է, այլ ստեղծված է իր անդամների ինքնիշխանությունն ապահովելու համար։





