AM
4 Ապրիլ 2026 - 08:08 AMT

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։Այդ մասին հայտնել է կուսակցության վարչությունը:

Վարչությունը կոչ է արել իր համախոհներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և հավատալ, որ Հայաստանը ունի ուժեղանալու հնարավորություն։

«Դատապարտելով իշխանությունների պարտվողական քաղաքականությունը և նրանց քաղաքական բռնաճնշումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և բազմաթիվ արժանապատիվ հայորդիների նկատմամբ՝ ՀԺԱՄ կուսակցությունն արձանագրում է, որ Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, կամ Հայաստանը վերջնականապես կգլորվի բռնապետական ռեժիմ, կամ մեր հանրությունը իր մեջ ուժ կգտնի ոտքի կանգնելու, պարտությունների շղթան կանգնեցնելու և Հայաստանը դուրս բերելու որակապես նոր հարթություն:

Այս իրավիճակից դուրս գալու համար մեկ առանձին քաղաքական ուժի կարողությունները բավարար չեն, այն հնարավոր է իրականացնել միայն հանրության և քաղաքական միավորների լայն համագործակցությամբ։

Այդ իսկ պատճառով ՀԺԱՄ-ն իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին և հույս հայտնում, որ նրանք առաջնորդվելով վերը նշված սկզբունքներով կկարողանան իրականացնել լայն համախմբում և առաջներդել դեպի հաղթանակ:

Մենք կոչ ենք անում մեր համախոհներին, ընկերներին և հայրենակիցներին ակտիվ մասնակցել ընտրություններին, դրան մոտենալ պատասխանատվությամբ և հավատով, որ Հայաստանը դեռ ունի հզորանալու հնարավորություն։ Այսպիսով՝ ի գործ դեպի ուժեղ Հայաստան»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: