AM
8 Ապրիլ 2026 - 09:33 AMT

Գալուստ Սահակյանի որդին և նախկին այլ պաշտոնյաներ են ձերբակալվել

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, ձերբակալվել է։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, որոնց թվում է նաև Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոն զբաղեցրած անձը, ինչպես նաև այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ձերբակալվածների թվում է նաև Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա նախարարությունը ղեկավարել է 2011-2018 թվականներին։

Արման Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2020-ին, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել գրավը, իսկ 2024թ–ի հուլիսի 1–ին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը պետությանը պատճառած 178 մլն դրամը վերականգնել է։ 2025-ի սկզբին դատարանի որոշմամբ Արման Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։