AM
9 Ապրիլ 2026 - 09:54 AMT

Փաշինյան․ Պուտինի հետ կհանդիպենք հունիսի երկրորդ կեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նախատեսվում է նոր հանդիպում՝ հունիսի երկրորդ կեսին։

Ճեպազրույցում նա նշել է, որ Պուտինի հետ որևէ կուլիսային հանդիպում չի եղել, այլ տեղի է ունեցել աշխատանքային ճաշ, որի ընթացքում զրուցել են ոչ պաշտոնական մթնոլորտում։

«Ես այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ տետ-ա-տետ հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին։ Պայմանավորվել ենք բարձր մակարդակով հանդիպում հունիսի երկրորդ կեսին»,-ասել է Փաշինյանը։

Ապրիլի 1-ին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը։