AM
10 Ապրիլ 2026 - 06:30 AMT

Փաստաբան. Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում

Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Բժշկական հետազոտությունների արդյունքում հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում … Այնինչ այդ օրը եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի»,- գրել է փաստաբանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ փաստաբանները արդեն ստացել են Դավիթ Մինասյանի առողջական վիճակը փաստող բժշկական փաստաթղթերը և ուղարկել են վերաքննիչ քրեական դատարան։

Գերատեսչությունից հայտնել են, որ 30-օրյա ժամկետում պատասխանելու են դիմումին։ Դասընկերներից մեկը նշել է, որ դիմումը ներկայացնելով հույս են հայտնել, թե դատախազը հաշվի կառնի մարդասիրական գործոնը՝ ելնելով առողջական վիճակից, հայտնում է Sputnik Արմենիան:

Դավիթ Մինասյանի դասընկերը ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում նաև այլ ակցիաներ են իրականացնելու։

Մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել են 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները և հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ է ձերբակալվել։

Երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը, իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին կալանավորվել է երկու ամսով։ Ապրիլի 3–ին Դավիթը «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը շարունակելու նպատակով։ Ավելի ուշ տեղեկացվել է, որ նրա առողջական վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ «Նաիրի» ԲԿ։