AM
10 Ապրիլ 2026 - 12:09 AMT

Միրզոյան. Բաքվում պահվող հայերը պետք է օր առաջ ազատ արձակվեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման համար կարևոր քայլ կլինի Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսում:

Նա նշել է, որ երկու երկրների միջև հաստատված խաղաղությունը հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի։ Թեպետ այն կա, և մենք դրա պտուղները վայելում ենք, մասնավորաբար՝ բեռների տարանցումը, երկկողմ առևտուրը, բայց նաև այս խաղաղությունը հոգատարության ու խնամքի կարիք ունի, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ցավոք սրտի, բոլոր հարցերը չէ, որ լուծված են։ Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն։ Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ այս հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է, և այն ընդգրկված է օրակարգի առաջնահերթ թեմաների շարքում։ Նա նաև հավելել է, որ Հայաստանը հարցը բարձրացրել է միջազգային գործընկերների հետ շփումներում։

Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կարևոր պատմական քայլ է, սակայն բոլոր խնդիրների լուծումը չի կարող իրականացվել կարճ ժամանակում։

«Այս խաղաղության ընթացքն իրական է ու ընթացիկ է, սա հայ ժողովրդի համար ապագան է կերտում։ Այստեղ խաղաղությունը նախապայման է հաջորդիվ բոլոր քայլերի համար՝ բարգավաճման, տնտեսական զարգացման, հիմնաքարային ազատությունների»,- ասել է նա։

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է Էստոնիայի կարևոր դերը որպես վստահելի գործընկեր՝ ընդգծելով բազմակողմ և եվրոպական ուղղություններով համագործակցության զարգացումը։

Նա նշել է, որ քննարկել են բազմակողմ ձևաչափերում արձանագրված արդյունավետ համագործակցությունը և կարևորել դրա շարունակական զարգացումը։ Նա առանձնապես ընդգծել է Հայաստան-Նորդիկ-Բալթյան 8 երկրների ձևաչափով պարբերաբար իրականացվող շփումները՝ հույս հայտնելով, որ Էստոնիայի առաջնորդությամբ հնարավոր կլինի առաջ մղել այդ օրակարգը և ակտիվացնել համագործակցությունը։

«Մեր ընդհանուր համագործակցության համատեքստում առանձին տեղ և կարևորություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարթությունը: Այստեղ ևս պետք է նկատել, որ Էստոնիան և՛ պատրաստակամություն, և՛ առաջնորդություն է ցուցաբերել, և մենք ունենք շատ հուսալի ու վստահելի գործընկեր ԵՄ-ում՝ ի դեմս Էստոնիայի: Կրկին մեր երախտիքը, պարո՛ն նախարար:

Գիտեք, որ մեր նվիրումն այն արժեքներին, որոնք դրված են այս համագործակցության հիմքում, անխախտ է, և դուք էլ վստահաբար կարող եք նույն ծավալով, նույն չափով հենվել մեզ վրա»,- ասել է նա։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։