AM
10 Ապրիլ 2026 - 13:12 AMT

Փաշինյանը Ցահքնայի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ–Էստոնիա բազմոլորտ գործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմոլորտ համագործակցությունը և նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները ստացել են առավել ինտենսիվ բնույթ։

Փաշինյանի խոսքով՝ այդ միտումը հաստատվել է նաև բարձր մակարդակի փոխայցելություններով, որոնք նոր խթան են տվել տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։

Նա նաև ընդգծել է Էստոնիայի նշանակալի դերը Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության զարգացման մեջ, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում։

Մարգուս Ցահքնան, իր հերթին, նշել է, որ Էստոնիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ։ Նա ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով, ինչպես նաև նպաստելու Հայաստան–ԵՄ համագործակցության ակտիվացմանը։

Էստոնիայի ԱԳ նախարարը կարևորել է նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը՝ վստահություն հայտնելով, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման համար կարևոր քայլ կլինի Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը: Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կարևոր պատմական քայլ է, սակայն բոլոր խնդիրների լուծումը չի կարող իրականացվել կարճ ժամանակում։