Դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ հնարավորությունն ու փոխել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը: Այդ մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Ապրիլի 9-ին դատախազության դիմաց հավաքված քաղաքացիների խումբը Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջել էր ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ առնվազն սահմանել այլ խափանման միջոց։ Սակայն գլխավոր դատախազը չի հանդիպել ցուցարարներին և չի հրավիրել նրանց հանդիպման։ Կալանավորված երիտասարդի ընկերները մինչ այդ դիմում են փոխանցել Վարդապետյանի անունով։
Փաստաբանի խոսքով` սպասելի էր, որ դատախազը նման որոշում կկայացնի։ Մարտիրոսյանը հայտնել է, որ վերաքննիչ դատարանում բողոքների հատուկ վերանայման օր է նշանակված, սպասում են որոշմանը։
Դավիթ Մինասյանի ստացած վնասվածքների վերաբերյալ Մարտիրոսյանը հայտնել է, որ բոլոր տեսագրությունները ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին՝ դրանք քննության առարկա դարձնելու պահանջով։
Անդրադառնալով երիտասարդի առողջական վիճակին՝ փաստաբանը նշել է, որ առավոտյան այցելել է նրան, սակայն էական փոփոխություններ չեն արձանագրվել։
«Բուժումը շարունակում է տրամադրվել, սիստեմաներ են միացված։ Լույսը անջատած է, ընդհանրապես չի կարողանում լույսի նայել, քանի որ ակնագնդի հետ կապված խնդիր էլ կա, հարվածը շատ ուժեղ է եղել։ Տեսագրությունում երևում է, որ հարվածից ընկնելուց հետո կանգնում է, բայց չի կարողանում հավասարակշռությունը պահել, ծնոտի հատվածը փորձում է կարգավորել»,- նշել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ Դավիթը նաև ունի այլ ծանր ախտորոշումներ։
Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել են 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու կասկածանքով։
Հետագայում իրականացվել են խուզարկություններ, և մարտի 31-ին հայտնի է դարձել, որ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։ Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 5 մլն դրամ գրավ, իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին կալանավորվել է երկու ամսով։
Ապրիլի 3-ին նրան տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ՝ կրթությունը շարունակելու նպատակով, սակայն ավելի ուշ նրա առողջական վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է նախ «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։





