Հայաստանն ու Ռուսաստանը նախապատրաստում են ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի այցը Երևան, հայտնել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Այցելությունը Հովակիմյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ վերջերս կայացած հանդիպման թեմաներից մեկն է եղել: Հովակիմյանը նշեl 1, որ դեսպանի հետ հանդիպումը նախապես ծրագրված է եղել և կապված չէր վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի հետ, հայտնում է Sputnik Արմենիան:
Կոպիրկինն այցելել է ԿԸՀ՝ ծանոթանալու առաջիկա ընտրությունների կազմակերպման գործընթացին և քննարկելու Ռուսաստանի ԿԸՀ նախագահի հնարավոր այցի նախապատրաստական հարցերը։
Հովակիմյանը նաև նշել է, որ Պամֆիլովայի հետ նախորդ հանդիպման ընթացքում վերջինս իրեն հրավիրել է մասնակցելու Ռուսաստանի Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններին որպես դիտորդ, ինչին ի պատասխան ինքը նրան հրավիրել է Հայաստան։
Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսվել են 2026 թվականի հունիսի 7-ին։
Արդեն հայտարարվել է մի շարք քաղաքական ուժերի մասնակցության մասին։ Մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ-ը՝ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանով, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Մասնակցելու է նաև ԲՀԿ-ն, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ որպես ընդդիմադիր ուժերի համախմբման հարթակ։
Միաժամանակ նշվել է, որ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չի ունենալու ԱԺ ընտրություններին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկա ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։





