ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իսլամաբադում անցկացված բանակցությունների արդյունքում Վաշինգտոնը և Թեհրանը չեն կարողացել հասնել համաձայնության։ Նրա խոսքով՝ իրանական կողմը հրաժարվել է ընդունել առաջարկված պայմանները, իսկ Միացյալ Նահանգները չեն արձանագրել Թեհրանի «հիմնարար պարտավորություն»՝ հրաժարվելու միջուկային զենքի մշակումից։
Լարված բանակցությունների ավարտից հետո, որոնք տևել են ավելի քան 21 ժամ, Վենսը լքել է Պակիստանը։ Քննարկումները չեն հանգեցրել խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կարող էր վերջ տալ հակամարտությանը, հայտնում է BBC-ն:
«Մենք ունեցել ենք բովանդակալից մի շարք քննարկումներ իրանցիների հետ, դա լավ նորություն է։ Վատ նորությունն այն է, որ մենք չենք հասել համաձայնության, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ նորություն է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Մենք պարզապես չենք կարողացել հասնել մի իրավիճակի, երբ իրանցիները կընդունեին մեր պայմանները», — ավելացրել է ԱՄՆ փոխնախագահը։
Նա ընդգծել է, որ միջուկային զենքի հարցը շարունակում է մնալ առանցքային ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսությունում, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական նպատակն է կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում։ Վենսի խոսքով՝ Իսլամաբադի բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը չի ստացել Իրանից նման պարտավորություններ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն առանձնապես չի անհանգստացնում Վաշինգտոնի և Թեհրանի միջև Պակիստանում ընթացող բանակցությունների արդյունքը՝ նշելով, որ ԱՄՆ-ն արդեն իրեն հաղթող է համարում այս դիմակայությունում։
«Ինձ համար նշանակություն չունի՝ մենք կհասնե՞նք համաձայնության, թե ոչ։ Բանն այն է, որ մենք հաղթել ենք», — ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր նախորդ հայտարարությունները, նշելով, որ ամերիկյան կողմը ոչնչացրել է Իրանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը, ինչպես նաև ղեկավարությունը, և այժմ կենտրոնացել է Հորմուզի նեղուցով ազատ նավարկության ապահովման վրա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը գործում է այն երկրների անունից, որոնք «կամ վախենում են, կամ թույլ են, կամ ագահ»։
«ՆԱՏՕ-ն մեզ չի օգնել», — ասել է նա։
ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ նվազել է Իսրայելի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավում և կատարվել են այլ նախնական պայմաններ։
Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։ Պատվիրակության կազմում են եղել նաև արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադյանը, Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին և մի շարք պատգամավորներ։
«Մենք ունենք բարի մտադրություններ, բայց չկա վստահություն: Ամերիկացիների հետ մեր բանակցությունների փորձը միշտ ավարտվել է ձախողմամբ և չկատարված խոստումներով»,- հայտարարել էր Ղալիբաֆը Պակիստան ժամանելիս։ ։
Բանակցությունների ընթացքում իրանական լրատվամիջոցները գրել են, որ ԱՄՆ-ն ներկայացնում է «չափազանց պահանջներ» Հորմուզի նեղուցի հարցում և «անընդունելի պահանջներ մի շարք այլ հարցերի վերաբերյալ»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային բանակցությունների ավարտից քիչ առաջ նշել է, որ դրանց հաջողությունը «կախված է հակառակ կողմի լրջությունից և բարեխղճությունից»։
«Financial Times»-ի տվյալներով՝ շաբաթ երեկոյան բանակցությունները փակուղի են մտել Հորմուզի նեղուցի հարցի պատճառով. աղբյուրները նշել են, որ Թեհրանը պնդում է պահպանել վերահսկողությունը և վճարներ սահմանել նավերի համար՝ մերժելով համատեղ վերահսկողության տարբերակները։
Իր հերթին Ջեյ Դի Վենսը ԱՄՆ դիրքորոշումը բնութագրել է որպես ճկուն և զիջող։
«Կարծում եմ՝ մենք եղել ենք բավականաչափ ճկուն, բավականաչափ զիջող»,-ասել է նա:
Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարը բանակցություններից հետո հայտարարել է, որ չափազանց կարևոր է, որպեսզի կողմերը շարունակեն պահպանել հրադադարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն կսկսի Հորրմուզի նեղուցի շրջափակումը: Նա այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ բոլոր նավերին արգելվելու է անցնել նեղուցով ինչպես Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների ուղղությամբ, այնպես էլ դեպի Պարսից ծոց։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ շրջափակմանը միացել են նաև այլ երկրներ, հայտնում է Deutsche Welle-ն:
Թրամփը «համաշխարհային շանտաժ» է անվանել Իրանի կողմից, ենթադրաբար, նախկինում տրված՝ նեղուցը բացելու խոստման խախտումը՝ այնտեղ, ինչպես պնդվում է, թողնված ականների պատճառով։ Այս կապակցությամբ Թրամփը կրկնել է ապրիլի 11-ի իր հայտարարությունը ջրային ուղին ականներից «մաքրելու» մեկնարկի մասին։
«Ցանկացած իրանցի, ով կրակ կբացի մեր կամ խաղաղ նավերի ուղղությամբ, փոշիացվելու է»։ – ընդգծել է նա։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ երկրի ռազմածովային նավատորմին հանձնարարել է «փնտրել և կալանել յուրաքանչյուր նավ միջազգային ջրերում, որը տուրք է վճարում Իրանին» Հորմուզի նեղուցով անցնելու համար։
Թրամփը հայտարարել է, որ իր համար միևնույն է՝ կվերադառնա Իրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի մոտ, թե ոչ։
«Ինձ միևնույն է՝ նրանք կվերադառնան (բանակցություններին – խմբ.) թե ոչ։ Եթե չվերադառնան, դա ինձ բավարարում է», – ընդգծել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը սկսել են իրականացնել Իրանի նավահանգիստներ մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումն ապրիլի 13-ին՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն։
Շրջափակումը տարածվելու է բոլոր երկրների նավերի վրա և ընդգրկելու է Պարսից և Օմանի ծոցերում գտնվող Իրանի բոլոր նավահանգիստները։ Միաժամանակ CENTCOM-ը հայտարարել է, որ չի սահմանափակելու նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում և ոչ իրանական նավահանգիստներում։
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները «ծիծաղելի» են։
«ԱՄՆ նախագահի սպառնալիքները՝ Իրանը ծովով շրջափակելու վերաբերյալ, անհեթեթ և աբսուրդային են», — նրա խոսքերը մեջբերել է AFP գործակալությունը։
Նա հավելել է, որ իրանական նավատորմը «հետևում և վերահսկում է տարածաշրջանում ԱՄՆ ագրեսիվ բանակի բոլոր գործողություններին»։
Միևնույն ժամանակ նավթի գները կրկին աճել են բանակցությունների ձախողումից հետ։ Մասնավորապես, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հունիսյան մատակարարմամբ աճուրդների բացման ժամանակ հասել է 102.50 դոլարի (87.74 եվրո), մինչդեռ ապրիլի 11-ին այն կազմել էր 95.20 դոլար (81,49 եվրո)։





