Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը, որը գլխավորում է Պետեր Մադյարը, հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 99 տոկոսի մշակման արդյունքում։ 16 տարի երկիրը ղեկավարած վարչապետ Վիկտոր Օրբանը ընդունել է պարտությունը և շնորհավորել Մադյարին:
Ավելին, Մադյարը, հավանաբար, սահմանադրական մեծամասնություն կունենա խորհրդարանում, հայտնում է BBC-ն:
«Տիսան» ստացել է խորհրդարանի 138 մանդատ, մինչդեռ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը և նրա հետ դաշինք կազմած Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը ստացել է 55 տեղ։ 6 մանդատ կարող է ստանալ ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիքը» շարժումը։
Բուդապեշտում «Տիսայի» կողմնակիցներն արդեն սկսել են նշել խորհրդարանական ընտրություններում գրանցված հաղթանակը։
Օրբանը, ելույթ ունենալով «Ֆիդեսի» աջակիցների առաջ Հունգարիայի մայրաքաղաքում, իր կուսակցության համար քվեարկության նախնական արդյունքները բնութագրել է որպես «հստակ» և «ցավոտ», գրում է Deutsche Welle-ն:
«Ես շնորհավորել եմ հաղթած կուսակցությանը։ Մենք ծառայելու ենք հունգար ժողովրդին ու մեր հայրենիքին, նաև լինելով ընդդիմությունում», — ասել է գործող վարչապետը։
62-ամյա Օրբանը իշխանության մեջ է 2010 թվականից։ Այս ընտրություններում առաջին անգամ հայտնվել է ընդդիմադիր այնպիսի գործիչ, որը կարողացել է հաղթել նրան՝ 45-ամյա Մադյարը։ Ավելի վաղ նա եղել է «Ֆիդեսի» երիտասարդական թևի անդամ, իսկ «Տիսա» կուսակցությունը գլխավորել է միայն երկու տարի առաջ։
Օրբանի կառավարությանից դժգոհ քաղաքացիները որպես պատճառ նշել են հանրային ենթակառուցվածքների վիճակը, առողջապահության և կրթության համակարգերի խնդիրները, ինչպես նաև կոռուպցիան։ Իսկ Մադյարը, իր խոսքով, մտադիր է կոշտ պայքարել կոռուպցիայի դեմ, իրականացնել «համակարգային փոփոխություններ» և ներկայացնել նոր սահմանադրություն։ Բացի այդ, նա հանդես է եկել այն բանի օգտին, որ Հունգարիան հեռանա Ռուսաստանից կախվածության քաղաքական գծից և վերադառնա որպես ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից՝ Եվրամիության կազմում։
Պետեր Մադյարը Բուդապեշտում հազարավոր ոգևորված աջակիցների առջև ելույթում հայտարարել է, որ պատրաստվում է ներկայացնել «բոլոր հունգարացիների շահերը, ներառյալ՝ երկրի սահմաններից դուրս գտնվողներինը»։
«Մենք ազատագրեցինք Հունգարիան, մենք վերադարձրինք մեր հայրենիքը», – հայտարարել է հունգար քաղաքական գործիչը։
Նրա ելույթը բազմիցս ընդհատվել է հավաքվածների վանկարկումներով՝ «Եվրոպա, Եվրոպա»։
Առաջին արտասահմանյան այցը նորընտիր ղեկավարը կատարելու է Վարշավա: Նա նաև ընդգծել է Վիշեգրադյան խմբի շրջանակում համագործակցությունը վերականգնելու և ընդլայնելու մտադրության մասին որը միավորում է Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան։ «Տիսայի» առաջնորդը հավելել է, որ այնուհետև նախատեսում է այցելել Վիեննա և Բրյուսել՝ Եվրամիության ֆինանսավորման հարցերով բանակցություններ վարելու համար։ Պետեր Մադյարը վստահեցրել է, որ Բուդապեշտը կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի «հաստատուն դաշնակից»:
Նա Խոստացել է վերականգնել զսպումների և հակակշիռների համակարգը:
Մադյարը նաև կոչ է արել Գերագույն դատարանի նախագահին, գլխավոր դատախազին և ԶԼՄ-ների և հաղորդակցության ազգային վարչության ղեկավարին հրաժարական տալ։
Պետեր Մադյարը իրավաբան է և նախկինում եղել է «Ֆիդես» կուսակցության երիտասարդական թևի անդամ։ Նա անսպասելիորեն հայտնվել է քաղաքական դաշտում 2024 թվականի փետրվարին և արագորեն լայն ճանաչում է ձեռք բերել իր հռետորական կարողությունների շնորհիվ։ Քաղաքական գործչին բազմիցս հաջողվել է հազարավոր մարդկանց հավաքել բողոքի ցույցերի՝ ընդդեմ Վիկտոր Օրբանի իշխանության։ Հետագայում նա գլխավորել է փոքր «Տիսա» կուսակցությունը, որը շուտով հարցումներում առաջ է անցել «Ֆիդեսից»՝ խոստանալով արմատական փոփոխություններ երկրում։
Փետրվարի սկզբին «Տիսայի» կողմնակիցները ներկայացրել են 240 էջանոց նախընտրական ծրագիրը՝ դա անելով ոչ թե մեծ միջոցառման ընթացքում, այլ YouTube հարթակում հրապարակված մեկժամյա տեսանյութի միջոցով։ Ծրագրի հիմնական կետերից են Օրբանի կոռումպացված համակարգի վերացումը, իրավունքի գերակայության և ժողովրդավարության վերականգնումը, Հունգարիայի վերադարձը որպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վստահելի գործընկեր, առողջապահության և կրթության ոլորտների բարեփոխումները, ինչպես նաև սոցիալական քաղաքականության բարելավումն ու աղքատության կայուն կրճատումը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը 62 տարեկան է իշխանության է եղել 2010 թվականից՝ 16 տարի շարունակ՝ լինելով Եվրամիությունում ամենաերկար պաշտոնավարած կառավարության ղեկավարը։





