AM
13 Ապրիլ 2026 - 09:01 AMT

Քոչինյան․ Ադրբեջանցիներին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում ՀՀ-ին առաջիկա ընտրություններում

Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե «ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում», հայտարարել է ասուլիսի ժամանակ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Արեգ Քոչինյանը:

Ապրիլի 10-12-ն Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ մասնակցիները ներկայացրել են, թե որ հարցերի շուրջ են ծավալվել քննարկումները:

«Եկեք ուղիղ խոսենք, որ այս պահի դրությամբ խաղաղության գործընթացի մեջ ամենամեծ փոփոխականը Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են, եթե ընտրությունները լինեին Ադրբեջանում, դա կլիներ փոփոխականը»,- նշել է նա,հայտնում է 1lurer.am-ը:

«Մի կողմից կա բավականին լուրջ ձևավորված խաղաղության պայմանագրային, իրավական, քաղաքական բազա Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա Խաղաղության համաձայնագիրն է, որը նախաստորագրված է, որը պետք է ստորագրվի ու վավերացվի: Դա երկու երկրի միջև կնքված սահմանազատման, սահմանագծման գործընթացն է, որի հանձնաժողովների կանոնադրությունները հաստատված են երկու երկրի կողմից, բոլոր իրավական գործընթացները անցել են, հանձնաժողովները ձևավորվել են, դրանք աշխատում են, դա կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն է, որի վերաբերյալ նույնպես արդեն կան փաստաթղթեր ստորագրված, և դա առաջին հերթին, բնականաբար, ԹՐԻՓՓ-ն է: Սա իրավապայմանագրային բազան է, սրան զուգահեռ կա որոշակի քաղաքական էլեմենտ, որ, այո՛, երկու երկրի կառավարությունների միջև ձևավորվել է որոշակի մակարդակի իրար հետ աշխատելու կարողություն, ունակություն:

Շատ կարևոր է, թե Հայաստանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ինչպիսի դիրքորոշում և ինչպիսի վեաբերմունք են արտահայտում իմ նշած ամբողջ բազային, որովհետև ընտրություններից հետո խաղաղության և պատերազմի հարցերը ըստ էության որոշվելու են այն ուժի կողմից, որը Հայաստանում կհաղթի», -ասել է Քոչինյանը:

«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը նշել է. «Ուշագրավ էր այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավական հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ, Հայաստանն ու Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են գտնվում, տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, հետևաբար պետք է գնահատել ներկայիս իրավիճակն ու փորձել այն ամրապնդել»,հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ կար կարծիք, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարգավորկման գործընթացում առկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել երկու երկրների համար, որի «բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող էին միջամտել, տարածաշրջանային պատերազմը կարող էր ընդլայնել աշխարհագրությունը»։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը նշել է, որ քննարկումները հիմնականում ծավալվել են երեք առանցքային ուղղություններով։

«Մեզ մտահոգող հարցերը, խաղաղության գործընթացի ճանապարհին խոչընդոտները, հնարավորությունները, որոնք չենք ուզում բաց թողել։ Հումանիտար հարցերի քննարկումը մեր հասարակության ուշադրության կենտրոնում է։ Շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել այս հարցերի շուրջ, մենք մեր խնդիրներն ենք բարձրացրել, իրենք իրենցը։

Մենք խոսել ենք գերիների, պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ։ Պատվիրակության անդամներից շատերն իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը։ Շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ։ Բարձրացել ենք անհայտ կորածների խնդիրը, մտահոգություն ենք հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում։

Իրենք էլ իրենց հերթին բարձրացրել են իրենց հուզող հարցերը. ականների պայթյունի արդյունքում վնասված, զոհված անձանց հարցը, նշել են՝ 432 թիվը, նաև 3000-ից ավելի անհետ կորած ադրբեջանցիների հանգամանքը։ Իհարկե, խոսում ենք 1990-ականների պատերազմի մասին»,-ասել է նա:

«Խաղաղության կամուրջ» ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացմանն ու անմիջական շփումների կազմակերպմանը։

Այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է հասել ցամաքային սահմանով, հատել է դելիմիտացված և դեմարկացված հատվածը, ինչպես նաև անցել սահմանային և անձնագրային հսկողության բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը: