ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունների ձախողումից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման վերաբերյալ հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ աճել են, իսկ ֆոնդային շուկաների ցուցանիշները նվազել են։
Ապրիլի 13-ի առավոտյան, Հյուսիսային ծովի Brent տեսակի հում նավթի գինն աճել է 8 տոկոսով՝ հասնելով 102․80 դոլարի մեկ բարելի դիմաց։ Մինչ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների մեկնարկը՝ ապրիլի 11-ին, այն 95․20 դոլար էր։ Նմանատիպ աճ է արձանագրվել նաև ամերիկյան WTI տեսակի նավթի դեպքում, որի գինը նույնպես գերազանցել է 100 դոլարի շեմը, հայտնում է Deutsche Welle-ն:
Միաժամանակ նվազում է գրանցվել ֆոնդային շուկաներում․ Տոկիոյի, Հոնկոնգի և Սեուլի հիմնական ինդեքսները նվազել են առնվազն 1 տոկոսով։ Ասիական այլ բորսաներ ևս արձանագրել են հիմնական ցուցանիշների անկում։
Միևնույն ժամանակ Թրամփը ընդունել է, որ նավթի և բենզինի գները կարող են բարձր մնալ մինչև ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները։
Ապրիլի 12-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման մասին՝ Իսլամաբադում բանակցությունների ձախողված փուլից հետո։ Այս քայլով նա նպատակ է ունեցել խոչընդոտել Թեհրանին նավագնացական ընկերություններից վճարների գանձումը Հորմուզի նեղուցով անցնելու համար և զրկել Իրանին նավթի վաճառքից ստացվող եկամուտներից։
Դրանից հետո ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ապրիլի 13-ին՝ Արևելյան ափի ժամանակով ժամը 10:00-ից (Մոսկվայի ժամանակով՝ 17:00), սկսել է վերահսկել Իրանի նավահանգիստներ և առափնյա գոտիներ մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերը։ Շրջափակումը տարածվել է բոլոր երկրների նավերի վրա և ընդգրկել է Իրանի բոլոր նավահանգիստները Պարսից և Օմանի ծոցերում։ Միաժամանակ նշվել է, որ CENTCOM-ը չի խոչընդոտում նավագնացության ազատությանը Հորմուզի նեղուցում և ոչ իրանական նավահանգիստներում։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում անցկացված բանակցությունները ձախողվել են միջուկային զենքի և Հորմուզի նեղուցի հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Իրանը բանակցությունների ընթացքում պնդել է նեղուցի նկատմամբ վերահսկողություն ունենալու և այնտեղով անցնող նավերից վճարներ գանձելու իրավունքը, հաղորդել է բրիտանական The Financial Times պարբերականը։ Երկրի պատվիրակությունը նաև մերժել է ԱՄՆ-ի առաջարկած «համատեղ վերահսկողության» տարբերակները։





