Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին «ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից», հայտարարել է Մայր Աթոռը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։
ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես ՀԱԵ ներկայացուցիչ։
«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։
Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։
Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։
Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 10–ն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այս որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու համար կաթողիկոսը հունվարի 27–ին կարգալույծ է հռչակել նրան։
Փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրհետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից:





