ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել ՔՊ-ական Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն, հայտնում է «Փաստինֆոն»:
Նիստին մասնակցած 71 պատգամավորներից 57-ը դեմ է քվեարկել, 3-ը կողմ, իսկ 7-ը ձեռնպահ է մնացել։
Դեմ են քվեարկել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, հայտնում է Sputnik Արմենիան:
Մինչ այդ Սարգսյանը, ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, նշեց, որ զորակոչի հետ կապված այսօր ունենք լրջագույն խնդիր. 2025 թվականին զորակոչի ենթակա տղաների ընդամենը 35 տոկոսն է բանակ զորակոչվել։
«18 տարին լրացած տղաների մոտ 30 տոկոսն էլ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Ստացվում է` բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները»,– հայտարարեց նա։
Պատգամավորը հիշեցրել է, որ գործող օրենսդրությամբ 27 տարին լրացած ու ծառայությունից խուսափած անձինք արդեն իսկ վճարում են 15 մլն դրամ, որով որոշ չափով լրացնում են իրենց չծառայելու բացը։
Սարգսյանն առաջարկում է նույն սկզբունքը կիրառել նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների դեպքում և նրանցից պահանջել 15 մլն դրամ, և այդ գումարը բաշխել 10 զինվորների միջև` ամեն մեկին տրամադրելով 1.5 մլն դրամ։
Ըստ նրա` այս նախագիծը հնարավորություն կտա հայրենիք վերադարձնել հետախուզման մեջ գտնվող 4 հազարից ավելի տղաների։
Հարակից զեկուցող, ՔՊ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը հայտարարել է, որ նախագիծը գլխադասային` պաշտպանության և անվտանգության հարցերի մ՛շտական հանձնաժողովում քննարկվել է ու ստացել բացասական եզրակացություն։ Նա հիշեցրել է, որ նախագծին բացասական եզարակցություն է տվել նաև ՀՀ կառավարությունը, ուստի Մեհրաբյանը կոչ արեց բոլորին դեմ քվեարկել։
Նախագծին կողմ են քվեարկել հեղինակ Հայկ Սարգսյանը, անկախ պատգամավորներ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանը։





