AM
14 Ապրիլ 2026 - 15:11 AMT

ՀԿԿ․ Բարեգործության անվան տակ «Ուժեղ Հայաստանի» անդամի կողմից տրամադրվել է դրամական միջոց

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ «բարեգործության անվան տակ «Ուժեղ Հայաստանի» անդամի կողմից տրամադրվել է դրամական միջոց»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է, իսկ Վերժինե Ստեփանյանը, որը կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն է, հրավիրվել է հարցաքննության:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ Գոհար Ղումաշյանի վերաբերյալ դեռևս նոր տեղեկություններ չունեն, սակայն հայտնի է դարձել մեկ այլ դեպք։

Նրա փոխանցմամբ՝ Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը հրավիրվել է հարցաքննության և ուղեկցվել Եղեգնաձորի քննչական մարմին, հայտնում է Panorama.am-ը:

«Այս պահին տիկին Ղումաշյանի վերաբերյալ դեռ հավելյալ տեղեկություններ չունենք։ Դուք տեսնում եք ամբողջ գործընթացը՝ ինչպես է ընթանում, բայց մոտ մեկ ժամ առաջ տեղեկություն ստացվեց և հաստատվեց, որ հարցաքննության է հրավիրվել նաև մեր մյուս գործընկերուհին՝ Վերժինե Ստեփանյանը, որը Վայքի մեր գրասենյակի պատասխանատուն է»,- ասել է Ղահրամանյանը։

Նա նաև նշել է, որ Ստեփանյանի հետ գտնվում է նրա փաստաբանը և հավելել, որ պատճառները դեռ պարզ չեն։

«Այս պահին նրա հետ իր փաստաբանն է։ Կրկին անհայտ ու անհասկանալի հանգամանքներում և անհասկանալի պատճառներով, Վերժինե Ստեփանյանը ուղեկցվել է իրավապահ մարմինների կողմից համապատասխան բաժին։ Ըստ ամենայնի՝ հարցաքննվում է։ Դեռ չգիտենք՝ ինչի համար, բայց մի բան կարող ենք պնդել, որ սա քաղաքական հետապնդում է։ Սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է՝ մեր կանանց միջոցով փորձել ճնշել մեզ։ Ես մի վատ նորություն ունեմ նրանց համար՝ մեր կանայք չեն վախենում նման հետապնդումներից, «Ուժեղ Հայաստանը» չի վախենում որևէ հետապնդումից։Եվ մենք սա գնահատում ենք որպես իրենց թուլության հերթական դրսևորում։ Արդեն առիթ ունեցել ենք շեշտել և շեշտում ենք՝ Հայաստանը բռնապետություն չի՛ դառնալու, Հայաստանը Ադրբեջան չի՛ դառնալու, մենք թույլ չենք տալու»,- նշել է նա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը , արձագանքելով Ղումաշյանի ձերբակալությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բերման են ենթարկվել կրծքով կերակրող, բազմազավակ մորը:

«Մեծ Հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնա Ադրբեջան»,- գրել է Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել էր նրա կուսակից Գոհար Մելոյանը: Նա հիշեցրել է, որ Ղումաշյանը նորածին երեխա ունի: