Ապրիլի 14-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանն ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Սա ևս մեկ դրվագ էր մեր միասնականության ուժի մասին. երբ հանրությունը համերաշխ ու վճռական է, հաղթանակն անխուսափելի է: Դատարանի կողմից կիրառվեց վարչական հսկողություն, մենք էլ շարունակում ենք մեր աննահանջ ճանապարհե դեպի Ուժեղ Հայաստան»,-գրել է նա:
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ հաշվի առնելով Ղումաշյանի՝ անչափահաս երեխաներ ունենալը, դատարան միջնորդություն է ներկայացվել տնային կալանք կիրառելու համար։ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը։ Ղումաշյանը մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալ, հայտնում է Sputnik Արմենիան:
Ղումաշյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ միջնորդության քննությունը մեկնարկել էր ապրիլի 14-ի ուշ երեկոյան՝ կեսգիշերին մոտ։ Դատարանը թույլ էր տվել մի քանի րոպեով Ղումաշյանի մոտ բերել կրծքով կերակրվող երեխային, որի 2 ամսականը դեռ չի լրացել։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու համար։
Ավելի վաղ կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը տեղեկացրել էր, որ Վերժինե Ստեփանյանին իրավապահները ուղեկցել են Եղեգնաձորի քննչական բաժին՝ հարցաքննության։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կատարվածը որակել են որպես քաղաքական հետապնդում։ Գոհար Մելոյանի խոսքով՝ այս ամենը հետևանք է ապրիլի 11-ին անցկացված բազմահազարանոց հանրահավաքի, որը, ըստ նրա, իշխանությունների համար ջղաձգումների առիթ է դարձել։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտրության ընթացքում բարեգործության արգելքի խախտմանը։





