AM
15 Ապրիլ 2026 - 07:14 AMT

Հայրապետյանն ու Հադադը քննարկել են բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-Ֆրանսիա գործակցության ընդլայնումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ու այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-Ֆրանսիա գործակցության ընդլայնման հնարավորությունները:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ դիտարկելով դրանք որպես ամուր հիմք տեխնոլոգիական և տնտեսական ոլորտներում նոր նախաձեռնությունների իրականացման համար։

Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի մարդկային կապիտալի ներուժը՝ շեշտելով, որ երկու երկրների մասնագիտական կարողությունների համադրումը, հատկապես կիսահաղորդչային արդյունաբերության, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում, ստեղծել է փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ և նպաստել է համատեղ բարձրարժեք արտադրանքի ձևավորմանը։

Նախարարն ընդգծել է պետական քաղաքականության կարևորությունը, որի նպատակը եղել է Հայաստանը դիրքավորել որպես գրավիչ հարթակ եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական առաջատար տեխնոլոգիական ընկերությունների համար։ Այս համատեքստում նա կարևորել է բիզնես միջավայրի բարելավումը և այնպիսի քայլերի իրականացումը, որոնք խթանել են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը հայկական շուկա՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ օգտագործել երկրի ինժեներական և գիտատեխնիկական ներուժը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներուժին՝ հանդես գալու որպես գիտահետազոտական հարթակ ֆրանսիական ընկերությունների համար՝ նախագծման, նորարարական լուծումների մշակման և փորձարկման փուլերում։ Կողմերը նշել են, որ ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավվածությունը կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման, դիմակայունության բարձրացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաև եվրոպական ինտեգրման գործընթացի առաջմղման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, համագործակցության ընդլայնման հնարավորությունները մասնավորապես արհեստական բանականության, կիսահաղորդչային արդյունաբերության և կիբեռանվտանգության ուղղություններով։ Այս համատեքստում քննարկվել են արդեն ձևավորված համագործակցությունները, «Mistral AI» և այլ ընկերությունների հետ իրականացվող ծրագրերը և դրանց զարգացման հեռանկարները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով ակտիվ երկխոսության և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։