AM
15 Ապրիլ 2026 - 07:38 AMT

Միրզոյանը Բրյուսելում քննարկել է պաշտպանական համագործակցությունը ԵՄ հանձնակատարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 14-ին Բրյուսելում պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։

Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։

Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ՀՀ արձանագրած նշանակալի առաջընթացը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը համագործակցության նոր տեսլական և հնարավորություններ են ձևավորել։

Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։

Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր էին ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։